Ինձ պետք չէ փաստաբան, որ ասի, թե ինչ չեմ կարող անել.
ես վարձում եմ նրան այն բանի համար, որ ասի,
թե ինչպես անել այն, ինչն ուզում եմ անել:
(Ջ. Մորգան)
Իրավաբան.net-ը շարունակում է ընթերցողին ծանոթացնել Հայաստանում գործող իրավաբանական ընկերություններին: «Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» շարքի երկրորդ հյուրը «ԱԳՐԻՄԵՆԹ» իրավաբանական (փաստաբանական) ընկերության համահիմնադիր Ռոման Ահարոնյանն է:
-Ձեր իրավաբանական ընկերությունը ստեղծվել է 2011 թվականին: Մանրամասեք` ի˚նչ իրավաբանական ծառայություններ է մատուցում:
-Նախ ասեմ, որ սեպտեմբերի 1-ին լրացավ «ԱԳՐԻՄԵՆԹ»-ի գործունեության մեկ տարին: Մատուցում ենք «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով սահմանված փաստաբանական ծառայություններ և’ ֆիզիկական, և’ իրավաբանական անձանց: Վերջիններիս հետ կապված իրականացում են ներքին փաստաթղթաշրջանառությունից սկսած (նաև կադրային գործ և այլն) մինչև արտաքին` բանակցային հարաբերություններ կամ դատական կամ պետական և այլ սպասարկում: Իսկ իրավաբանական անձանց համար` ըստ պատվերի, իրականացում ենք իրավաբանական աուդիտ: Սպասարկման ոլորտը լայն է` քաղաքացիական, քրեական, վարչական:
Գործը ստանալիս` թիմով ենք աշխատում, թիմով ենք պատասխանատու (խիստ տարանջատված չի անձի մասնագիտացումը): Իհարկե, վերջում գործը վարելու է մեկ կամ երկու հոգի, սակայն ցանկացած առաջադրանքի վրա աշխատում ենք բոլորս:
-Կարծում եմ մարդկանց համար կարևոր է, թե գրպանում որքա˚ն գումար ունենալու դեպքում կարող են դիմել «ԱԳՐԻՄԵՆԹ»-ին: Կա˚ գումարային սահմանված շեմ իրավաբանական ծառայությունների համար:
-Կողմորոշիչ գներ ունենք սահմանված, սակայն փորձը ցույց է տալիս, որ այն չի գործում, քանի որ կախված է առաջադրանքի ծավալից, բարդությունից: Եղել է, որ անվճար ենք սպասարկել մարդկանց… Հաշվի ենք առնում վստահորդի ֆինանսական հնարավորությունները: Մեզ համար առաջնայինը քաղաքացու իրավունքները վերականգնել է: Գրասենյակը երբեք այնպիսի մոտեցում ցույց չի տա, որ վստահորդը չկարողացավ վճարել, ուստի մենք կմերժենք նրան:
-Ձեր իրավաբանական ընկերության կայքէջում նշվում է, որ արդարադատության իրականացման բնագավառն այսօր արձանագրել է որոշակի առաջընթաց և դրանում իրենց ներդրումն ունեն նաև մեր երկրի իրավաբաններն ու փաստաբանները, որոնց գործադրած ջանքերն այսօր արդյունք են տալիս: Ըստ Ձեզ` ի˚նչ առաջընթացի է արձանագրել արդարադատության իրականացման բնագավառը վերջին 10 տարվա ընթացքում:
-Նկատելի: Չեմ վախենա ասել, որ այսօր շատ բարեփոխումներ փաստաբանների համառության, հետևողականության արդյունքում են, որ կատարվել են: Չի կարել չնկատել դրական տեղաշարժը:
-Ի˚նչը կարող է խոչընդոտ լինել Ձեր փաստաբանների համար արդարադատության իրականացման ճանապարհին:
-Այն, ինչը ոչ միայն արդարադատության, այլ նաև կյանքի բոլոր բնագավառներում է խոչընդոտում` շատ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, նաև անձով պայմանավորված… Նման դեպքերում մինչև վերջ ենք պայքարում: Այսօր մեզ համար լավ դուռ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որ անձի իրավունքների վերականգնումը չի սպառվում միայն ներպետական ատյաններով, և հարցի լուծումը միայն ներպետական շրջանակներում չի սահմանափակվում: Անձով պայմանավորված մենք երբեք չենք երկնչում:
-Իսկ ի˚նչ հաջողված պատմություններ եք ունեցել այս մեկ տարվա ընթացքում:
-Շատ հաջողված գործեր ունենք… Երբ մենք գործերը վերցնում ենք, հաճախ ճանաչում ենք հակառակ կողմին` նրա դիրքը, հնարավությունները: Բայց մենք ունենք նման հաջողված գործեր, երբ չենք երկնչել դիմացինի դիրքից, գնացել ենք մինչև վերջ` վերականգնելով քաղաքացու խախտված իրավունքը:
-Դատական և իրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրն ինչպիսի˚ն կարող է դարձնել Հայաստանը:
-Իրատեսական ծրագիր է: Եթե իրականանա, ապա դրական շատ տեղաշարժ կարող են լինել: Մենք նաև մեր ամենօրյա աշխատանքով պետք է նպաստենք նրան, որ ռազմավարական ծրագիրն իրականանա:
-Կհիշե˚ք հետաքրքիր դեպք կապված վստահորդների հետ:
-Մի կին զանգել էր, ասում էր` եկեք դատի տանք մի բժշկի, ով խոստացել է, որ մեր հարսը կհղիանա, չի հղիանում…
Կարդացեք նաև «Արմադել Քոնսալթինգ» իրավաբանական ընկերության հիմնադիր ու գործադիր տնօրեն Արմեն Բաղդասարյանի հետ հարցազրույցը:
Նունե Հովսեփյան
Աղբյուրը` Իրավաբան.net