Վկա կարող է լինել ցանկացած անձ, որին հայտնի են դատարանի կողմից վեճի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող տեղեկություններ և հանգամանքներ:
Որպես վկա չեն կարող հարցաքննվել՝
1) ներկայացուցիչները կամ պաշտպանները՝ այն փաստական հանգամանքների առնչությամբ, որոնք նրանց հայտնի են դարձել իրենց վստահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիս.
2) Մարդու իրավունքների պաշտպանը` գործի այն փաստական հանգամանքների առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել իր պարտականությունները կատարելիս.
3) դատավորները` որևէ գործի լուծման վերաբերյալ քննարկումների առնչությամբ.
4) ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը` գործի այն հանգամանքների առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ:
Պետք է իմանալ, որ վերը նշված անձինք ազատված չեն ցուցմունք տալու պարտականությունից, եթե գործի համար էական նշանակություն ունեցող տեղեկություններն իրենց հայտնի են դարձել այլ հանգամանքներում:
Դատարանում որպես վկա ցուցմունք տալուց որոշակի հարցերին չպատասխանելու իրավունք ունեն`
1) ամուսինները կամ նրանց հետ արյունակցական` մինչև 2-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձինք` միմյանց դեմ ցուցմունք տալու դեպքում:
Օրենքի իմաստով` անձի հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները: Անձի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք.
2) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները՝ գործի փաստական հանգամանքներին վերաբերող այն տեղեկությունների առնչությամբ, որոնցով կարող է բացահայտվել այդ տեղեկությունների աղբյուրը:
Աղբյուրը` Իրավաբան.net