Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել «Հրապարակ» oրաթերթի հրապարակումը, որտեղ անդրադարձ է եղել վերջին ամիսներին հարկային մուտքերի մասով ցուցանիշների ապահովմանը: Ըստ հրապարակման, «Հարկային մուտքերի մասով թեև պլանային ցուցանիշները վերջին ամիսներին ապահովվել են, սակայն մասնավորապես օգոստոսին դա հեշտ չի եղել: Ավելի ճիշտ, դատելով գործարար շրջանակներից ստացված տեղեկություններից, դա հաջողվել է նախկին աշխատաոճին անցնելու գնով՝ կանխավճարների ինստիտուտը վերականգնելով»:
Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունվարի 1-ից հարկ վճարողների կողմից կատարված վճարումները համարվում են պետական բյուջեի հարկային եկամուտներ՝ վերջիններիս կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներով առաջացած հարկային պարտավորություններին համապատասխան միասնական հաշվից կատարված հաշվեգրման արդյունքում: Նշվածից հետևում է, որ հարկ վճարողների կողմից միասնական հաշվին կատարված վճարումները դեռևս պետական բյուջեի եկամուտներ չեն:
Հարկ վճարողների հարկային պարտավորություններն առաջանում են վերջիններիս կողմից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներով: Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ միասնական հաշվում առկա գումարների առաջացման հիմնական պատճառն առանձին հարկ վճարողների կողմից, որոնք միաժամանակ հանդիսանում են հարկային գործակալներ և որոնց վրա օրենսգրքի համաձայն դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ բնամթերային ձևով տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը կամ վճարները հաշվարկելու, պահելու (գանձելու) և ՀՀ պետական բյուջե վճարելու պարտավորությունը, նույն օրենսգրքով սահմանված հարկային պարտավորությունների վճարման վերջնաժամկետից շուտ կատարված վճարումներն են: Նշված գումարները մուտքագրվում և պահվում են միասնական հաշվում մինչև հարկային պարտավորության մարման համար օրենսգրքով սահմանված վճարման վերջնաժամկետը: Հարկ է նշել նաև, որ միասնական հաշվում առկա գումարները հարկ վճարողները կարող են ազատ տնօրինել ըստ դրանց նպատակահարմարության:
Ինչ վերաբերում է գերավճարների դինամիկային, ապա տեղեկացնում ենք, որ այն 2018 թվականի հունիս ամսից սկսած դրսևորում է շարունակաբար նվազման միտում: Այսպես, 2018 թվականի հունիսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գերավճարը նվազել է 27.6 մլրդ. դրամով, հուլիսի 1-ին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 43.0 մլրդ. դրամով, օգոստոսի 1-ին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 47.9 մլրդ. դրամով, սեպտեմբերի 1-ին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 53.3 մլրդ.դրամով: Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ հարկ վճարողների կողմից հարկային ապառքների գծով իրենց պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողական գործառույթներ իրականացնելը նույնպես հանդիսանում է հարկային վարչարարության բաղադրիչ, որն ի թիվս այլ գործիքակազմի, իրագործվում է այցելությունների, հեռախոսազրույցների և կոմունիկացիոն այլ խողովակների միջոցով: