Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ստորագրել է 203-Ն հրամանը, որով հաստատել է նոտարական ակտերի, ինչպես նաև ժառանգական գործերի առցանց շտեմարանների վարման կարգը:
Կարգը տարածվում է նաև AENIS-Armenian E-Notary Information System համակարգով նոտարական առանձին գործողություններ կատարող պաշտոնատար անձանց նկատմամբ:
Հրամանը ստորագրվել է մայիսի 17-ին, ուժի մեջ է մտել հունիսիս 11-ին:
ԿԱՐԳ
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է նոտարների կողմից նոտարական ակտերի, ինչպես նաև ժառանգական գործերի առցանց շտեմարանների (այսուհետ միասին՝ առցանց շտեմարան) վարման կարգն ու պայմանները:
2. Սույն Կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
AENIS-Armenian E-Notary Information System համակարգ – Էլեկտրոնային նոտար տեղեկատվական համակարգ (այսուհետ՝ AENIS համակարգ):
Առցանց նոտարական գործ՝ AENIS համակարգ մուտքագրված նոտարական ակտերը, ինչպես նաև այն փաստաթղթերը, որոնց հիման վրա կատարվել են նոտարական գործողությունները:
Ժառանգական գործ՝ ժառանգության առնչությամբ նոտարի կողմից կայացված նոտարական ակտերի և նոտարական գործողությունների արդյունք հանդիսացող այլ փաստաթղթերի և տեղեկությունների ամբողջություն:
Ժառանգական գործերի վարման առցանց շտեմարան` AENIS համակարգում բացված բաժին, որտեղ նոտարը մուտքագրում է ժառանգական գործերը:
Կտակների առցանց շտեմարան՝ AENIS համակարգում բացված բաժին, որտեղ նոտարը ամրակցում է իր կողմից վավերացված կտակները և դրանց փոփոխությունները, ինչպես նաև կտակները վերացնելու մասին դիմումները:
Լիազորագրերի առցանց շտեմարան՝ AENIS համակարգում բացված բաժին, որտեղ նոտարը ամրակցում է իր կողմից վավերացված լիազորագրերը և լիազորագրից հրաժարվելու կամ լիազորագիրը դադարեցնելու մասին դիմումները:
Ամրակցում՝ էլեկտրոնային ստորագրած նոտարական ակտի տեսաներածված տարբերակը ամրացվում է համապատասխան ծածկագրով և գաղտնաբառով AENIS համակարգով ստեղծված նոտարական ակտին:
3. AENIS համակարգում նոտարական ակտերի տեսաներածված տարբերակը պետք է էլեկտրոնային ստորագրությամբ համապատասխան ծածկագրին ամրակցել նոտարական գործողությունը կատարելուց երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ ժառանգության բացման վայրի նոտարին ժառանգության իրավունքի ընդունման դիմումների, լիազորագիրը վերացնելու կամ լիազորագրից հրաժարվելու դիմումների, որոնք անհրաժեշտ է ամրակցել համապատասխան դիմումը վավերացնելու կամ ընդունելու օրը:
4. Տեխնիկական համակարգի ժամանակավոր անսարքությունների կամ խափանումների դեպքում ամրակցումը կատարվում է անմիջապես համակարգի գործունեությունը վերականգնվելուց հետո և այդ մասին կազմվում է արձանագրություն:
5. «Նոտարիատի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում էլեկտրոնային եղանակով նոտարին դիմումը ներկայացնելու դեպքում նոտարը այն անմիջապես մուտքագրում է առցանց շտեմարան:
6. Առցանց շտեմարանում առկա տեղեկատվությունը հանդիսանում է նոտարական գաղտնիք:
7. Նոտարական ակտերի նոտարի մոտ պահվող թղթային բնօրինակը և առցանց շտեմարանում առկա էլեկտրոնային օրինակը ունեն հավասար իրավաբանական ուժ: Դրանց միջև հակասություն առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է նոտարի մոտ պահվող թղթային բնօրինակին:
8. «Նոտարիատի մասին» օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված թղթային օրինակի վրա կատարված ուղղումը երեք աշխատանքային օրվա ընթացքում պետք է մուտքագրվի առցանց շտեմարան:
9. Առցանց շտեմարան մուտք կարող է գործել համապատասխան նոտարական գործողությունն իրականացնող նոտարը, բացառությամբ նոտարին փոխարինելու կամ պաշտոնից ազատելու կամ լիազորությունները դադարեցնելու օրենքով նախատեսված դեպքերի:
10. Առցանց շտեմարանի վարման առնչությամբ թղթակցությունը նոտարը կարող է իրականացնել ինչպես անձամբ, այնպես էլ օգնականի, իր աշխատակազմի այլ աշխատակցի, ինչպես նաև իր ստաժորի միջոցով:
11. Նոտարը նոտարական գործողությունների կատարման արդյունքում կայացված նոտարական ակտերի առցանց շտեմարանները վարում է AENIS համակարգում բացված առանձին բաժիններով: Լիազորագրերի առցանց շտեմարանները վարվում են գործարքների առցանց շտեմարաններից առանձին: Կտակների առցանց շտեմարանները վարվում են ժառանգական գործերի առցանց շտեմարաններից առանձին:
12. Յուրաքանչյուր նոտարական ակտի կամ ժառանգական գործի համար կազմվում է մեկ առցանց նոտարական գործ, եթե կատարվող այլ նոտարական գործողությունները կամ դրանց արդյունքներն անմիջականորեն չեն առնչվում նոտարական ակտին կամ չեն հանդիսանում ժառանգական գործի բաղկացուցիչ մասը:
13. Գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղաժամկետ լուծելու վերաբերյալ գործարքները ներառվում են հիմնական գործարքի առցանց նոտարական գործում:
14. Կտակում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, ինչպես նաև կտակը վերացնելու մասին դիմումները ներառվում են հիմնական կտակի առցանց նոտարական գործում:
15. Լիազորագիրը վերացնելու կամ լիազորագրից հրաժարվելու մասին դիմումը ներառվում է հիմնական լիազորագրի առցանց նոտարական գործում:
16. Առցանց շտեմարանում առցանց նոտարական գործերը դասավորվում են ժամանակագրական հաջորդականությամբ:
17. Ժառանգությունը ցանկացած հիմքով ընդունելու և ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու, ինչպես նաև ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումները ժառանգության բացման վայրի նոտարը ընդունում է միայն այն դեպքում, երբ ժառանգական գործերի վարման շտեմարանում առկա չէ տվյալ ժառանգատուին վերաբերող ժառանգական գործ, իսկ առկայության դեպքում նոտարը դիմումատուին ուղղորդում է դիմել ժառանգական գործը առցանց շտեմարան մուտքագրած նոտարին:
18. Ժառանգության բացման վայրի նոտարի կողմից ժառանգությունն ընդունելու կամ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու մասին կամ ժառանգությունից հրաժարվելու մասին դիմումն ընդունելիս ժառանգական գործերի վարման առցանց շտեմարան նոտարը մուտքագրում է.
1) ժառանգատուի ազգանուն, անուն, հայրանունը (այսուհետ՝ ԱԱՀ).
2) ժառանգի ԱԱՀ.
3) դիմումի համարը, տարին, ամիսը, ամսաթիվը.
4) ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելու կամ տրամադրումը մերժելու հիմքերը:
19. Եթե ժառանգությունը ցանկացած հիմքով ընդունելու և ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու, ինչպես նաև ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումները ներկայացվում են ոչ ժառանգության բացման վայրի նոտարին, ապա դիմումը ստացած նոտարը կարող է համապատասխան փաստաթղթերը ամրակցել AENIS համակարգում, բայց ոչ ժառանգական գործերի առցանց շտեմարանում:
20. Էլեկտրոնային բնօրինակի պատճենները ստեղծվում են էլեկտրոնային փաստաթղթի ներկայացման արտաքին ձևով` թղթի վրա` օրենքով սահմանված կարգով վավերացնելով դրանց համապատասխանությունը բնօրինակին: