Սեպտեմբերի 2-ին, ժամը 11։10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Գուգարքի բաժին հաղորդում ստացվեց, որ ահազանգել է մի քաղաքացի և հայտնել, որ Մարգահովիտ գյուղի մոտով սար բարձրանալիս, իրեն ու ընկերոջը ծեծել են։
Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացին հայտնեց, որ նախորդ օրը ժամը 20.00-ի սահմաններում «Արջի թալա» կոչվող վայրում, որտեղ բնակվում է ընկերը, դիմակավորված երկու անձինք փայտերով հարձակվել ու հարվածներ են հասցրել ընկերոջ գլխին։ Իրեն հաջողվել է փախչել, իսկ հարձակվածները հափշտակել են ընկերոջ ոսկյա շղթան, մատանին և 5.000 դրամը:
Տուժածը, գլխի վնասվածքներով, շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական և բացատրական ծավալուն աշխատանքներ կատարվածը բացահայտելու ուղղությամբ։ Արդյունքում՝ ոստիկանություն ահազանգած քաղաքացին՝ 28-ամյա Վլադիմիր Լ.-ն, հաղորդում տվեց, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում, սեպտեմբերի 1-ին ժամը 12.00-ի սահմաններում հանդիպել է իր ծանոթներ՝ 22-ամյա Գևորգ Ղ.-ին և Վարդան Պ.-ին։ Տղաներն առաջարկել են հափշտակել ընկերոջ ոսկյա զարդերը: Վլադիմիր Լ.-ն համաձայնել է, և միասին գնացել են Մարգահովիտ գյուղ։ Նախնական պայմանավորվածությամբ, Վլադիմիր Լ.-ն գյուղի գարեջրատանը տուժողի հետ մինչ երեկո կոնյակ է խմել, իսկ Գևորգ Ղ.-ն և Վարդան Պ.-ն սպասել են նրա տան մոտ:
Ժամը 20.00-ին, երբ Վլադիմիր Լ.-ն ու ընկերը գնացել են տուն, դուռը բացելիս Գևորգ Ղ.-ն և Վարդան Պ.-ն՝ վերնազգեստով դիմակավորված, մահակներով հարձակվել են։ Վլադիմիր Լ.-ն հեռացել է։
Նա ոստիկաններին հայտնեց նաև, որ դեպքից հետո Գևորգ Ղ.-ն իրեն տվել է 1.000 դրամ, տաքսիով տուն են բերել, իսկ իրենք մեկնել են Գյումրի՝ ոսկյա զարդերը իրացնելու:
Ձեռնարկված միջոցառմամբ ևորգ Ղ.-ն և Վարդան Պ.-ն հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանության Գուգարքի բաժին։ Վլադիմիր Լ.-ի հետ նրանք ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն և 3-ն էլ ձերբակալվել են:
Հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում Գևորգ Ղ.-ի տնից հայտնաբերվել և առգրավվել է վրան ու պայուսակ, իսկ աշխատավայրից՝ հափշտակված ոսկե մատանին և վերնազգեստ, որը ծառայել էր որպես դիմակ:
Ձեռնարկվում են միջոցառումներ ոսկյա շղթան հայտնաբերելու ուղղությամբ:
Հետագա քննությամբ պարզվել է նաև, որ նկարագրված ավազակային հարձակումից առաջ, Գևորգ Ղ.-ն և Վարդան Պ.-ն Նիդերլանդների Թագավորության մի քաղաքացու՝ Մրգահովիտ գյուղում գտնվող տնից գողացել են 3-4 պայուսակ։
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Պատճառված վնասի չափը և հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: