2018 թվականի հուլիսի 31-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 3121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 3121-րդ հոդվածի 2-րդ մասի, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ կետերի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 1-ին մասի, 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից սոցիալական աջակցության նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ:
Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Ոստիկանության Բազումի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ էին ստացվել, համաձայն որոնց սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետը, 2012-2017թթ. իր սպասարկման տարածքի մի քանի բնակիչներին նպաստառուների ցուցակում ընդգրկելու, հաջորդող տարիների ընթացքում նրանց նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց պահանջել և ստացել է ապօրինի վարձատրություն:
Բացի դրանից՝ ըստ նախապատրաստված նյութերի՝ նույն բաժնի մասնագետները 2008-2017թթ. ընթացքում նույնպիսի գործողություններ են կատարել սոցիալական անապահովության նպաստից օգտվող 4 շահառուների օգտին:
Փաստական տվյալներ էին ստացվել նաև, որ բաժնի աշխատակիցները նախնական համաձայնության են եկել «Հայփոստ» ՓԲԸ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների ծառայողների հետ և 2017թ. սեպտեմբերից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, առանց երկու անձանց գիտության, գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ էին մտցրել նրանց սոցիալապես անապահովության վերաբերյալ և նրանց անվամբ ապօրինի ձևակերպելով ընտանեկան նպաստներ և կազմելով կեղծ ցուցակներ, հափշտակել են նրանց անվամբ ելքագրված զգալի չափերի գումար:
Միաժամանակ, տվյալներ էին ստացվել մի անչափահասի հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամության խումբը սահմանելու և հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձանց կողմից միջնորդ աշխատակցի միջոցով կաշառք պահանջելու վերաբերյալ:
Նշված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ընթացող նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ է ներգրավվել սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Ք. Հ-ն: Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն ստանալու նպատակով շարունակաբար, 2012 թվականից 2017 թվականն ընկած ժամանակահատվածում, Վանաձորի թվով 7 բնակիչների նպաստառուների ցուցակում ընդգրկելու, հաջորդող տարիների ընթացքում նրանց նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց պետական բյուջեի միջոցներից տրամադրվող դրամական օգնություն համարվող նպաստի մեկից երեք ամսվա գումարներն անձամբ պահանջելու և ստանալու համար: Արդյունքում պետությանն ընդհանուր պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 1․058.000 ՀՀ դրամի վնաս:
Միաժամանակ, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում մեղադրյալի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին, որը կատարման համար ուղարկվել է ՀՀ Վանաձոր համայնքի աշխատակազմի ղեկավարին:
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական, դատավարական այլ, ինչպես նաև օպերատիվ հետախուզական միջոցառումներ քրեական գործի մյուս դրվագների հանգամանքները լիարժեք բացահայտելու, կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:
Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման, հսկողության ներքո ներկա պահին քննվում է մարզում գործող Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի և Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում նմանատիպ հանցագործությունների դեպքերով հարուցված թվով 6 քրեական գործ: Դրանցով գործակալությունների 8 հանրային ծառայողների, այդ թվում՝ 1 գործակալության պետի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
Հիշյալ գործերով քրեական հետապնդում է հարուցվել նաև Հայփոստ ՓԲ ընկերության թվով 19 ծառայողների նկատմամբ, այդ թվում՝ հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալուն օժանդակելու, խմբի կազմում խարդախության եղանակով հափշտակություններ կատարելու և կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու համար:
Դատախազների համապատասխան որոշումներով ժամանակավորապես դադարեցվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային 5 ծառայողի պաշտոնավարում:
Նշված քրեական գործերով բացահայտված պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը ներկա պահին կազմում է 593.914.000 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 27.715.500 ՀՀ դրամը՝ մուտքագրելով դատախազության դեպոզիտ հաշվին:
Միաժամանակ, նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասի ամբողջական վերականգնումն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանք է դրվել մեղադրյալների շարժական և անշարժ գույքների վրա:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: