Այս անձինք ուղղիչ հիմնարկում իրարից անջատ են պահվում

ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի 68-րդ հոդվածը նախատեսում է ուղղիչ հիմնարկում դատապարտյալներին անջատ պահելու վերաբերյալ հիմնական կարգավորումները։ Ստորև ներկայացնում ենք, թե որ անձինք են պահվում անջատ ուղղիչ հիմնարկներում։ Այսպես՝

1. Ուղղիչ հիմնարկում անջատ են պահվում՝

1) տղամարդիկ՝ կանանցից.

2) անչափահասները՝ չափահասներից, բացառությամբ սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի.

3) առաջին անգամ ազատազրկման դատապարտված անձինք, բացի առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձանցից՝ նախկինում ազատազրկման ձևով պատիժ կրած դատապարտյալներից.

4) դատարանների, իրավապահ, մաքսային և հարկային մարմինների աշխատող կամ նախկին աշխատող, պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայության սպայական կազմի զինծառայող կամ նախկին զինծառայող, ինչպես նաև ոստիկանության զինծառայող կամ նախկին զինծառայող դատապարտյալը՝ մյուս դատապարտյալներից.

5) շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող դատապարտյալը՝ մյուս դատապարտյալներից.

6) դատապարտյալը, որի կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, մյուս դատապարտյալներից՝ ուղղիչ հիմնարկի վարչակազմի որոշմամբ.

7) անզգուշությամբ կատարված հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք՝ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատապարտված անձանցից.

8) ցմահ ազատազրկման դատապարտված անձինք՝ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանցից:

2. Բուժական ուղղիչ հիմնարկում, ուղղիչ հիմնարկների բուժական ստորաբաժանումներում, ինչպես նաև այն ուղղիչ հիմնարկում, որին առընթեր կա մանկատուն, դատապարտյալներին անջատ պահելու` սույն հոդվածով սահմանված պահանջները կիրառվում են հնարավորինս:

3. Դատապարտյալներին անջատ պահելու` սույն հոդվածով սահմանված պահանջները կարող են չպահպանվել, եթե նրանք մասնակցում են նույն հիմնարկում իրենց համար կազմակերպած սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների, աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական և նման այլ միջոցառումների, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել