Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ ռուսական НТВ հեռուստաընկերությանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական НТВ հեռուստաընկերությանը:

-Դուք ԽՍՀՄ նախկին տարածքի երկրների նախկին նախագահներից առաջինն եք, որ քաղաքական լարվածության և կալանավորման սպառնալիքի պարագայում չլքեցիք երկիրը։ Հայտնի են Վրաստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի դեպքերը։ Դուք կալանավորում չէի՞ք սպասում, թե՞ այլ պատճառով որոշեցիք չգնալ Հայաստանից։

-Ես ոչ թե չգնացի երկրից, այլ վերադարձա երկիր։ Ես Հունաստանում էի, հաղորդեցի իմ վերադարձի օրը։ Ես վերադարձա՝ լիովին հստակ հասկանալով, որ կարող եմ կալանավորվել։ Բացարձակապես ակնհայտ է, որ, այսպես ասենք, իմ տեսակի մարդիկ դժվարություններից չեն փախչում։ Եվ, այդուհանդերձ, ինչ-որ հույս կար, որ դատաիրավական համակարգն այդքան էլ գործադիր իշխանության ճնշման տակ չէ, և դատարանների ինքնուրույնության թեկուզ մի աստիճան դեռևս գոյություն ունի։ Ես եկա իմ պատվի և արժանապատվության համար պայքարելու։

-Ինչ վերաբերում է 2008 թվականի այդ քրեական գործին։ Այն ժամանակ՝ նախագահական ընտրություններից հետո, բողոքի ակցիաներ եղան, անկարգություններ սկսվեցին, 10 մարդ մահացավ։ Ինչպե՞ս եք Դուք կառուցելու պաշտպանությունը։ Հիմնվե՞լ նրա վրա, որ որպես պետության նախկին ղեկավար՝ անձեռնմխելի եք, ունեք անձեռնմխելիություն, թե՞ Դուք պատրաստ եք ներկայացնել այդ պատմության բոլոր մանրամասները։

-Գիտե՞ք, անձեռնմխելիությունը պաշտպանության ընդամենը մի փոքր մասն է։ Ես այստեղ վերադարձա իմ արժանապատվությունը պաշտպանելու ոչ միայն այն պատճառով, որ անձեռնմխելիություն ունեմ, այլև որովհետև ողջ քրեական գործը պարզապես կարված է սպիտակ թելերով։ Այնտեղ ընդհանրապես քրեական գործ չկա։

-Ինչո՞ւ եք Դուք այդպես կարծում։

-Որովհետև ես դրան ծանոթ եմ։ Ցավոք սրտի, կա, այսպես կոչված, նախաքննական գաղտնիք։ Մենք այս շրջանում, քանի դեռ քննություն է ընթանում, քրեական գործի մանրամասների մասին խոսելու իրավունք չունենք։ Սակայն ինձ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել։ Պատկերացնո՞ւմ եք։ Նախագահը՝ այդ պաշտոնը որպես սահմանադրության երաշխավոր զբաղեցնողը, պարզվում է, տապալել է ինքն իրեն… շուտափույթ փորձել են մեղադրական եզրակացության ինչ-որ բանաձև գտնել։ Գիտեք, դա խոսում է այն մասին, որ խոսք է գնում ոչ թե պարզապես քրեական գործի, այլ քաղաքական վենդետայի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել