Ֆինանսների նախարարությունը Իրավական ակտերինախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրել է մի նախագիծ, որի համաձայն փոփոխություններ են նախատեսվում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Բնակարան երիտասարդներին» ծրագրում։
Առաջարկվող իրավական ակտի ընդունումը պայմանավորված է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական նպատակային ծրագրի հասանելիության բարձրացման անհրաժեշտությամբ:
Ծրագիր շրջանակներում վարկավորմամբ են զբաղվում 19 ֆինանսական կազմակերպություն` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն: Առ 2018 թվականի հուլիսի 1-ը տրվել է 3342 վարկ (1747 վարկ Երևանում, 1595՝ ՀՀ մարզերում), որոնց ընդհանուր պայմանագրային ծավալը կազմել է շուրջ 27 մլրդ 303 մլն ՀՀ դրամ (17 մլրդ 6 մլն ՀՀ դրամ Երևանում, 9 մլրդ 7 մլն՝ ՀՀ մարզերում): Վարկի միջին ժամկետը` 13.5 տարի, իսկ միջին տոկոսադրույքը` 9.6 տոկոս:
Ներկայումս Հայաստանի Հանրապետության շատ երիտասարդ ընտանիքներ, ունենալով բնակարան ձեռք բերելու կարիք, ի վիճակի չեն օգտվել գործող հիփոթեքային վարկավորման համակարգից` ձեռք բերվող բնակարանի համար սահմանված կանխավճարի բարձր արժեքի պատճառով:
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել երիտասարդ ընտանիքներին մատչելի պայմաններով՝ 20% կանխավճարով կամ կանխավճարի ապահովագրության գործիքի կիրառման դեպքում 10 % կանխավճարով ձեռք բերել մինչև 25 միլիոն ՀՀ դրամ արժեքով բնակարաններ Երևան քաղաքում և մարզերում, համապատասխանաբար 2% և 4% սուբսիդավորման պայմաններով, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն:
2018 թվականին ՀՀ կառավարությունը շարունակելու է բացի «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպության միջոցով տրամադրված վարկերի գումարի վերաֆինանսավորելուց, մեղմել կանխավճարի վճարման հետ կապված դժվարությունները՝ սահմանելով 20 տոկոս շեմ: