Ամրապնդվում է Պաշտպանի աշխատանքի նոր ուղղությունը ճգնաժամային և ռազմական իրավիճակներում

Պաշտպանի նախաձեռնությամբ օգոստոսի 25-ից 26-ը, միջազգային փորձագետների մասնակցությամբ, կազմակերպվել է վերապատրաստման հատուկ դասընթացներ, որոնք նվիրված են ճգնաժամային, կոնֆլիկտային և ռազմական իրավիճակներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքներին: Բոլոր հարցերը ներկայացվել են Օմբուդսմանի կարգավիճակի տեսանկյունից: Այս մասին հայտնում են ՄԻՊ մամուլի ծառայությունից:

Դասընթացի ընթացքում քննարկվել են կարևոր հարցեր՝ կապված ճգնաժամային և ռազմական իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ու եվրոպական ժամանակակից մեխանիզմների հետ, ինչպես նաև տարբերակներ ու գործիքներ են առաջարկվել նախակոնֆլիկտային, կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներն առավել արդյունավետ լուծելու համար:

Միջոցառման մասնակիցները քննարկել են նաև ճգնաժամային իրավիճակներում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքներից թույլատրելի շեղումների, Օմբուդսմանի կողմից Եվրոպական դատարանի չափանիշների կիրառման հետ կապված բազմաթիվ հարցեր: Միաժամանակ, ներկայացվել են ռազմական գործողություններում կամ ճգնաժամային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների ներգրավման առանձնահատկությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել Օմբուդսմանի հաստատությունների կողմից փաստահավաք առաքելություններին, ներկայացվել է ոլորտում միջազգային լավագույն փորձը:

Կարևորվել է Պաշտպանի աշխատանքը Հայաստանի սահմանամերձ համայնքներում քաղաքացիական խաղաղ բնակչության վրա հակառակորդի գնդակոծությունների մշտադիտարկումը և այդ թեմաներով արտահերթ զեկույցների հրապարակումը։ Դասընթացների արդյունքները կօգտագործվեն հենց այդ նպատակների համար:

Նշենք նաև, որ սեմինարը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Սեմինարին մասնակցել են նաև փաստաբաններ, ներկայացուցիչներ Պաշտպանության նախարարությունից, Պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի կազմից և քաղհասարակությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել