Դավիթ Անանյանը նոր հրաման է ստորագրել. հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստերը դռնբաց կանցկացվեն

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նոր հրաման է ստորագրել, որով  կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 21-ի «Հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքի, դիմում-բողոք բերած անձին հանձնաժողովի նիստի անցկացման վայրի ու ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի, հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումների ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի ապրիլի 12-ի N 18-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 102-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 հավելվածում կատարվել են հետևյալ փոփոխությունները և լրացումները.

Փոփոխության համաձայն՝ հանձնաժողովի անդամը չի մասնակցում այն անհատական իրավական ակտերի, ինչպես նաև այն հարկային և մաքսային ծառայողների գործողությունների կամ անգործության վերաբերյալ ներկայացված դիմում-բողոքների քննարկմանն ու որոշումների կայացման քվեարկությանը, որոնք համապատասխանաբար ընդունվել կամ կատարվել են իր կամ այն ստորաբաժանման աշխատակցի կողմից, որի ղեկավար կամ աշխատակից է հանդիսանում վերջինս:

Հանձնաժողովի նիստերը դռնբաց են: Հանձնաժողովի նիստերը ձայնագրվում են, որի վերաբերյալ նիստը սկսվելուց առաջ բանավոր կարգով տեղեկացվում է դիմում-բողոք բերած անձին (անձանց):

Հանձնաժողովի նիստերի ձայնագրությունը վարում է հանձնաժողովի նիստի քարտուղարը՝ ձայնագրիչի միջոցով:

Ձայնագրություններն անցկացվում են համապատասխան էլեկտրոնային կրիչների վրա, պահվում են 2 տարի, որից հետո ոչնչացվում են:

Նախապես տեղեկացնելով հանձնաժողովին և դիմում-բողոք բերած անձի համաձայնության դեպքում նիստերին կարող է մասնակցել, ինչպես նաև նիստերը ձայնագրել (տեսագրել) ցանկացած անձ (անձինք), այդ թվում` զանգվածային լրատվության, հասարակական կազմակերպության ներկայացուցիչ(ներ)ը:

Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նախագահը կարող է մասնակցել դիմում-բողոքների քննարկմանը և որոշումների կայացման քվեարկությանը՝ որպես դիտորդ:

Հանձնաժողովի նիստերը կարող են լինել դռնփակ` դիմում-բողոք ներկայացրած անձի գրավոր միջնորդության հիման վրա հանձնաժողովի նախագահի կայացրած որոշմամբ` օրենքով սահմանված առևտրային կամ այլ (այդ թվում` հարկային) գաղտնիք պահպանելու նպատակով:

Հրամանը ստորագրվել է հուլիսի 30-ին, ուժի մեջ է մտել օգոստոսի 16-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել