Դատական բժիշկը չի ներկայանում դատարան, համարելով որ իրեն վտանգ է սպառնում

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ Արտակ Նազարյանի մահվան գործով հերթական դատական նիստը: Նիստը կայացավ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի, վերջինիս ներկայացուցիչներ Մուշեղ Շուշանյանի և Ռուբեն Մարտիրոսյանի, ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպաններ` Հրանտ Գևորգյանի և Արմինե Ղասաբողլյանի բացակայությամբ: Դատական նիստին հրավիրված դատական բժիշկ Վիգեն Ադամյանը` ինչպես նախորդ նիստին, այսօր էլ չէր ներկայացել:

 

 

Նոյեմբերի 14-ի դատական նիստի ընթացքում դատական բժիշկ Վիգեն Ադամյանի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի միջև վեճ էր ծագել, որի պատճառով հայտարարված ընդմիջման ժամանակ Վիգեն Ադամյանը աննկատ հեռացել էր դատարանից:

 

 

Այսօր դատական նիստը սկսվեց դատական բժիշկ Վիգեն Ադամյանի դիմումի ընթերցմամբ: Ադամյանը պատճառաբանել էր իր չներկայանլը, նշելով որ դատարանում ապահովված չէ իր անվտանգությունը և ի հավաստումն դրա դիմումին կից ներկայացրել էր տեսանյութ: Տեսանյութը դիտելուց հետո ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լևոն Պողոսյանը դատարանին միջնորդեց հաջորդ դատական նիստին հրավիրել դատական բժիշկ Վիգեն Ադամյանին: «Փորձագետը խուսափում է դատարան ներկայանալ, նրան իրական վտանգ չի սպառնում: Փորձագետի հարցաքննությունը մնացել է կիսատ, դատավարության մյուս մասնակիցները հնարավորություն չեն ունեցել փորձագետին հարցեր տալու: Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է ապահովել Ադամյանի անվտանգությունը» . ասաց Պողոսյանը:

 

Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը և որոշեց դատական բժիշկ Վիգեն Ադամյանին հարցաքննել դռնփակ դատական նիստում:

 

 

Պաշտպան Լևոն Պողոսյանը հանդես եկավ ևս երկու միջնորդությամբ` գործով վկա Արման Մնացականյանի նկատմամբ դատահոգաբանական փորձաքննություն նշանակելու և իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու և այլ խափանման միջոց ընտրելու մասին: Դատարանը որոշեց առաջին միջնորդությանը անդրադառնալ խորհրդակցական սենյակում, վերջնական դատական ակտ կայացնելիս, իսկ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը մերժեց:

 

Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 5-ին:

 

Հանրային թղթակից` Վահագն Թամրազյան

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել