ՃՈ-ն ուժեղացված ծառայությունն է իրականացրել

Օգոստոսի 16-ի գիշերը ոստիկանության պետի հանձնարարականով ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում անցկացրեց ուժեղացված ծառայություն: Գործողությունն աննախադեպ էր՝ ներգրավված էին մեծաքանակ ուժեր՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի, ուղեկցող հատուկ վաշտի, նաև հանրապետության մարզերը սպասարկող երկրորդ սպայական գումարտակի ծառայողները: Ուժեղացված ծառայությունը համակարգում էին ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը և ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը:

Մի քանի ժամ տևած ուժեղացված ծառայության ընթացքում մայրաքաղաքում հայտնաբերվեցին ոչ սթափ վիճակում գտնվող, ինչպես և, այսպես կոչված, մրցավազքեր, դրիֆտներ կատարող և երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, միտումնավոր խախտումներ անող վարորդներ:
Հայտնաբերվեցին նաև առանց համարանիշի, կամ որևէ առարկայով դրանք փակած, գերհզոր ձայնազդանշանային համակարգերով, թաղանթապատված հողմապակիներով, վերասարքավորված խլացուցիչներով մեքենաներ:

Ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում էին նաև ուշ ժամերին մայրաքաղաքի որոշ հատվածներում մրցավազքեր իրականացնող, առանց համարանիշի և բարձր ձայնով երթևեկող մոտոցիկլիստները:

Ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանները հայտնաբերեցին նաև տարբեր գերատեսչությունների կողմից հետախուզման մեջ գտնվող մեքենաներ:
Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց շուրջ հինգ տասնյակ մեքենա, բոլոր օրինախախտները ենթարկվեցին վարչական պատասխանատվության, որևէ ներողամտություն չցուցաբերվեց ոչ մի վարորդի նկատմամբ:

Նման միջոցառումները պարբերական են: Կոչ ենք անում երթևեկության բոլոր մասնակիցներին պահպանել երթևեկության կանոնները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել