Ո՞ր դեպքերում չի վճարվում պետական տուրք դատարանում

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ գանգատ ներկայացնելիս  ոչ առևտրային կազմակերպություններ և ֆիզիկական անձինք դատարաններում ազատվում են պետական տուրքի վճարումից:

Նույն հոդվածը նաև սահմանում է, որ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են.

1) հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով.

2) հայցվորները` ալիմենտի գանձման վերաբերյալ հայցերով.

3) հայցվորները` խեղման կամ առողջության այլ վնասման, ինչպես նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.

4) սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության մարմինները` տուժողին կամ նրա ընտանիքի անդամներին վճարված թոշակի և նպաստի գումարները վնաս պատճառողից գանձելու վերաբերյալ ռեգրեսիվ հայցերով.

5) հայցվորները` հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.

6) հայցվորները` օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց` օրենքով պաշտպանվող իրավունքների և շահերի պաշտպանության հարցերով դատարան տրվող դիմումների գծով.

7) արդարացվածները` իրենց անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցման հայցերով.

8) արդարացվածները՝ նախկին աշխատանքում (նախկին պաշտոնում) վերականգնման, իսկ դրա անհնարինության դեպքում` համարժեք աշխատանք (պաշտոն) ստանալու կամ նախկին աշխատանքը (պաշտոնը) կորցնելու հետևանքով պատճառված վնասի դրամական փոխհատուցման հայցերով.

9) արդարացվածները՝ ազատազրկման, կալանքի կամ ազատության սահմանափակման ձևով պատիժը կրելու, ինչպես նաև կարգապահական գումարտակում պահվելու ժամանակը բոլոր տեսակի աշխատանքային ստաժների մեջ հաշվակցելու հայցերով.

10) արդարացվածները՝ նախկինում զբաղեցրած բնակելի տարածքը հետ ստանալու, իսկ դրա անհնարինության դեպքում` բնակմակերեսով և գտնվելու վայրով համարժեք բնակելի տարածք ստանալու հայցերով.

11) հայցվորները՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.3 հոդվածով նախատեսված դեպքերում խոշտանգման հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ հայցով.

12) ոչ առևտրային կազմակերպըություններ և ֆիզիկական անձինք`

գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով.
երևան եկած նոր հանգամանքների հետևանքով դատարանի վճիռը կամ որոշումը վերանայելու վերաբերյալ գանգատներով.
դատարանների վճիռներով նշանակված տուգանքների զիջման կամ նվազեցման վերաբերյալ հայցերով.
դատարանների վճիռների կատարումը շրջադարձելու դիմումներով, բաց թողնված ժամկետները վերականգնելու, ինչպես նաև հարկադիր կատարողների գործողությունները գանգատարկելու վերաբերյալ դիմումներով.
տուգանքների զիջումը կամ նվազեցումը մերժելու մասին դատարանների որոշումների դեմ գանգատներով, դատարանների որոշումների դեմ մյուս գանգատներով.
վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ գանգատներով.
մշակութային արժեքները ապօրինի տիրապետողից հետ պահանջելու մասին հայց ներկայացնելիս.

13) դատախազության մարմինները` պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով.

14) վճռաբեկ գանգատ տվող անձի կողմից դատավարության ընթացքում հանդես եկած դատավարության մասնակիցները և երրորդ անձինք` գանգատին միանալու վերաբերյալ հայցերով.

15) դիմողները` ընտրելու և (կամ) ընտրվելու իրենց իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներով.

16) դիմողները՝ քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումներով.

17) փախստականի կարգավիճակ հայցողները՝ փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի մերժումը բողոքարկելու վերաբերյալ հայցերով և բողոքներով.

18) փախստականի կարգավիճակ ունեցող անձինք՝ իրենց խախտված բնակարանային իրավունքները վերականգնելու վերաբերյալ հայցերով և բողոքներով.

19) հոգեբուժական հաստատությունները՝ քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումներով.

20) դատական ակտերի հարկադիր կատարողները`

– կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի վերանայման վերաբերյալ դիմումներով,

– օրենքով սահմանված դեպքերում պարտապանին անվճարունակ (սնանկ) ճանաչելու վերաբերյալ հայցադիմումներով.

21) ժամանակավոր ադմինիստրացիայի (վարչակազմի) ղեկավարը և լուծարային կառավարիչը` «Բանկերի սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց խնդիրներն իրագործելու նպատակով ներկայացվող հայցերով.

22) պարտապանը` սեփական անվճարունակությունը (սնանկությունը) ճանաչելու համար ներկայացվող հայցադիմումներով.

23) սնանկության կառավարիչները` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար։

24) դիմողները` վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներով.

25) մարդու իրավունքների պաշտպանը` իր կողմից ներկայացվող հայցերով.

26) հայցվորները` պետական նպաստների, այդ թվում` նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման, գումարների բռնագանձման վերաբերյալ հայցերով:

Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցի համար պետական տուրք չի գանձվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել