Պաշտպանության նախարարի 2008 թվականի փետրվարի 23-ի «0038» հրամանը զորքի կիրառման վերաբերյալ չէ. այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով, հրամանը տրվել է քաղաքական գործընթացներից զինված ուժերին հեռու պահելու նպատակով: Նա նաև ներկայացրեց վերաքննիչ դատարանում Ռ. Քոչարյանի ելույթից մի հատված՝ կապված հիշյալի հետ:
Քոչարյանը պատմել է, որ Ադրբեջանում 1990-ականներին ապստամբ զինվորական Սուրաթ Հուսեյնովը, ով հեղինակություն է ունեցել զինված ուժերում, միացել է ըմբոստներին ու զորքի մի հատվածը շուռ տվել այդ պահին իշխող վարչակազմի դեմ: Գյանջայից զորքն ուղղվել է Բաքու: դրա հետևանքով Ադրբեջանը հարյուրավոր զոհեր է ունեցել: Իշխանությանը հաջողվել է ճնշել ապստամբությունը, սակայն այդ ընթացքում Ադրբեջանը 3 տարածք է կորցրել:
«Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ մենք չէինք կարող մեզ թույլ տալ նման իրավիճակ: Ելույթի այս հատվածը մարտի 1-ին չէր վերաբերում, վերաբերում էր փետրվարի 23-ին և «0038» հրամանին», – ասաց Հայկ Ալումյանը: