Կառավարությունն ակնկալում է նոր թափ հաղորդել ներդրումների և բիզնեսի ակտիվացմանը

Կառավարությունը լրացում և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած՝  «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «Երևանի շոկոլադի գործարան» ՓԲԸ-ի  ներկայացված հայտը բավարարելու մասին»  որոշման մեջ: Ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել ներմուծել լրացուցիչ ապրանքներ, որոնք հայտի ներկայացման պահին ցանկում ներառված չեն եղել:

Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այս կարգի նախագծեր  կառավարության գրեթե ամեն նիստին քննարկվում է: «Ես հույս ունեմ, որ այս ուղերձը մեր տնտեսական դաշտում հստակ ընկալվում է, և սա նշանակում է, որ նոր սարքավորումներ են ներկրվում Հայաստանի Հանրապետություն՝ արտադրանքի ծավալներն ընդլայնելու համար:  Մենք հավանաբար առավել քան շահագրգռված ենք, որ Հայաստանում բիզնեսն աշխուժանա, և դրա միտումները կան: Հույս ունենք, որ մենք կառավարության գործունեության համատեքստում նոր ուժ, նոր թափ կտանք ներդրումների և բիզնեսի ակտիվացմանը, և տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները  ոչ միայն չեն խոչընդոտի այդ պրոցեսին, այլև, հակառակը, առավել բարենպաստ պայմաններ կստեղծեն»,-նշել է վարչապետը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել