ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված/նախնական դատական նիստում լուծման ենթակա հարցերի շրջանակը/հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Հակընդդեմ հայցը վերադարձնելու կամ հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ բողոք ներկայացվելու դեպքում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացվում է այդ բողոքի վերաբերյալ կայացված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է՝
- գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը,
- ապացուցման կարիք չունեցող փաստերը,
- ապացուցման ենթակա փաստերը,
- գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը,
- գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կարող է փոփոխել մինչև նախնական դատական նիստի ավարտը:
Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը նախնական դատական նիստի ավարտից հետո կարող է փոփոխվել, եթե դրա անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողությունների կամ միջնորդությունների քննության արդյունքով:
Եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու կամ այն փոփոխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկում է գործին մասնակցող անձանց: