Նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը ուժի մեջ է մտնելու 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը: Նշված օրենսգրքով սահմանված են ապացույցների հետևյալ տեսակները.
1) վկայի ցուցմունքը.
2) գրավոր ապացույցները.
3) իրեղեն ապացույցները.
4) լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները.
5) փորձագետի եզրակացությունը.
6) մասնագետի բացատրությունը։
Ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները, ինչպես նաև մասնագետի բացատրությունը որպես ապացույցի առանձին տեսակ սահմանված չեն: Մինչ այժմ լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները գնահատվում էին որպես իրեղեն ապացույցներ, իսկ մասնագետների հայտնած տեղեկությունները՝ որպես վկայի ցուցմունքներ:
Մասնագետը տեսական կամ կիրառական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձն է, որը գործին մասնակցող անձի միջնորդությամբ հրավիրվում է դատական նիստին՝ գործի քննության համար նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ առանց նախնական հետազոտությունների իրականացման մասնագիտական բացատրություններ տալու համար:
Որպես մասնագետ կարող է հրավիրվել համապատասխան կրթություն, ունակություն, հմտություն կամ փորձ, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ նաև որակավորում (թույլտվություն, լիցենզիա, արտոնագիր և այլն) ունեցող լրիվ գործունակ անձը: