ՀՀ մարզերի 10 դպրոցներ կստանան աստղադիտակներ և կհիմնեն աստղագիտական խմբակներ

Հայկական աստղագիտական ընկերության և «Անդր դը քամն սքայ» (“Under the Common
Sky”) լեհական հասարակական կազմակերպության ծրագրի միջոցով Հայաստանի 5
մարզերի տասը դպրոցներ կստանան աստղադիտակներ:
Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի, Արարատի և Սյունիքի մարզերից ընտրված
դպրոցներից ֆիզիկայի, մաթեմատիկայի ու աշխարհագրության 20 ուսուցիչներ
հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը վերապատրաստում են անցնել Բյուրականի
աստղադիտարանում, որպեսզի իրենց դպրոցներում հիմնեն աստղագիտական խմբակ:
«Under the Common Sky» կազմակերպության ղեկավար Էվելինա Գրացկան պատմում է.
«Մենք փորձում ենք հանրայնացնել գիտությունը: Իսկ ավելի շատ կենտրոնացած ենք
աստղագիտության վրա, որովհետև սա լավագույն ճանապարհն է երեխաների հետ
ընդհանուր հետաքրքրություն գտնելու ու ստեղծելու համար. աստղագիտությունը
հիասքանչ է, ոգևորող է, այն ավելի հեշտ է գրավում մարդկանց»:

Այս մասին հայտնում է Վ․ Հարությունյանի անվան Բյուրականի աստղադիտարանի մամուլի ծառայությունը։

Այս ծրագրի շրջանակներում Լեհաստանի 5 և Կիրգիզիստանի 20 դպրոցներ ստացել են
աստղադիտակներ ու աստղագիտական խմբակներ հիմնել իրենց դպրոցներում:
Ֆինանսավորումն իրականացվում է «Education for Democracy» հիմնադրամի
միջոցով, որի նպատակն է առավել դեմոկրատ հարաբերություն ստեղծել կրթության
ոլորտում:
Հայաստանում իրականացվող ծրագիրը անվանվել է «Հայոց երկնքում», որի
կոորդինատոր Սոնա Ֆարմանյանը նշում է՝ թիրախային խումբը մարզերն են.
«Հայկական աստղագիտական ընկերության, Բյուրականի աստղադիտարանի ու ՀՕՖ-ի հետ
համատեղ իրականացնում ենք մի քանի ծրագրեր (ամենամյան գիտաճամբարներ,
աստղագիտական թեմայով դասախոսություններ դպրոցներում, «Ւմ Տիեզերքը»
շարադրությունների մրցույթ), որոնց, հատկապես վերջին տարիներին, մարզերն
ավելի ակտիվ ենք ներգրավվում: Մենք կարևորում ենք մարզերում
նորարարություների ներմուծումը, կապը գիտության հետ: Վստահաբար, հետագայում
շատ աշակերտներ դառնալու են գիտաշխատողներ, աստղադիտարանի աշխատակիցներ»:

Իսկ թե ինչպես միտք առաջացավ ծրագիրն իրականացնել նաև Հայաստանում, Էվելինան
պատմում է. «Լեհաստանում ես ունեի հայ ընկեր, ով որպես կամավոր էր եկել,
պատմում էր Հայաստանի մասին և թե որքան լավ կլինի, եթե նման ծրագիր այստեղ էլ
իրականացվի: Կոնտակտներ փնտրելով հասա մինչև Բյուրականի աստղադիտարան:
2015թ.-ին առաջին անգամ հանդիպեցի Սոնային: Այս տարիների ընթացքում անընդհատ
խորհրդակցում էինք, ծրագրի վրա աշխատում: Եվ արդեն 2017թ.-ին Հայաստանում
կազմակերպված գիտաժողովին ավելի ամրապնդվեցին կապերը:

Իրականում շատ դժվար ու ժամանակատար է ծրագիր գրելը, ամեն մանրուք կարևոր է
ու պետք է  հաշվի առնել: Դրա համար երկու կողմերն էլ պետք է խանդավառված
լինեն: Եվ երբ տեսնում էի, որ Սոնան պատրաստ է ամեն պահի ծրագրի վրա աշխատել,
գաղափարներ է առաջարկում, ինքս էլ ավելի ոգևորվում էի: Երեք տարի աշխատելուց
հետո ստացանք ֆինանսավորումը»:

Էվելինան նշում է, որ ծրագրի հաջողության համար շատ բան կախված է
ուսուցիչներից ու կոորդինատորներից: «Ուսուցիչները երբեմն այնքան էլ ուրախ
չեն լինում ծրագրին մասնակցելու համար, քանի որ նրանք անում են հավելյար
աշխատանք առանց վարձատրվելու: Բայց 3-4 օր դասընթացներին մասնակցելուց հետո,
նրանք էլ դառնում են շատ ավելի խանդավառ ու ոգևորվում են նոր գիտելիքներից:
Սա տիպիկ է բոլոր ծրագրերի դեպքում, որոնք իրականացրել ենք: Մի ուսուցիչ մի
անգամ շատ հետաքրքիր բան ասաց. «Նախկինում քայլելիս ես միշտ ներքև էի նայում,
հիմա հայացքս միշտ երկնքին է ու փնտրում եմ Մեծ Արջը կամ Օրիոն
համաստեղությունները»: Շատ ուսուցիչներ փաստում են, որ թեկուզ աշխատավարձ չեն
ստանում, բայց իրենց աշխատանքից բավարաված են զգում: Նրանք իրենց ձեռքով
բացահայտում են նորն ու երկնայինը, հասկանում ու զգում են՝ ինչ է նշանակում
բացահայտել նոր բաներ, այնուհետև դա սովորեցնում աշակերտներին: Վերջիններիս
համար սա ևս լավ փորձառություն է: Շատերն, ովքեր հետաքրքրված չեն եղել
ֆիզիկայով կամ չեն սիրել մաթեմատիկան, դասարանում դարձել են լավագույն
սովորողներից, որովհետև հիմա հասկանում են՝ ինչպես է այդ ամենը կատարվում,
ամեն ինչ ավելի առարկայական է: Հատկապես դեռահաս տղաների դեպքում
աստղագիտական ակումբը մեծ ազդեցություն է ունենում: Նրանք ավելի շատ են
ժամանակ տրամադրում կրթությանը»:
Ուսուցիչները դասընթացի ժամանակ սովորում են   դիտակը կիրառելու
հմտությունները, ուսումնասիրում են գիշերային երկինքը, ծանոթանում
«Stellarium» համակարգչային ծրագրին և աստղագիտության տեսական ու գործնական
պարապմունքներ անցկացնում:
Էվելինան ինքն էլ աստղագետ չէ. քաղաքագետ է: Ասում է, որ սովորական մարդկանց
հետ աշխատելով ավելի ակնառու փոփոխություններ է հնարավոր իրականացնել, քան
միջազգային կապերի շնորհիվ:  Նա նշում է. «Աստղագիտական ակումբներում շատ
հետաքրքիր են հարաբերությունները զարգանում ուսուցիչների և աշակերտների միջև:
Սա սովորական դաս չէ: Այստեղ կարևոր պայման է համագործակցությունը: Երբեմն
աշակերտները  ավելի լավ են տիրապետում աստղադիտակին կամ համակարգչային
ծրագրին, քան ուսուցիչները: Եվ կարծես ուսուցչի դերը փոխվում է. սա ավելի
դեմոկրատ է: Աշակերտները սովորում են պատասխանատվություն կրել սարքավորման
համար, պատրաստում են զեկուցումներ իրենց սովորածի և ուսումնասիրածի
վերաբերյալ»:
Ուսուցիչները  պատմում են, որ դառնալով աստղագիտական խմբակի պատասպանատու,
իրենց դիրքն է փոխվում դպրոցում: Աշակերտները նրանց դասերը գերադասում են
մյուսներից, ավելի սիրով են մասնակացում ու սովորում: Դեպքեր են լինում, երբ
ավելի փոքր աշակերտները, որոնք դեռ չեն մասնակցում աստղագիտական խմբակին,
իրենց կողքով անցնելիս շշուկով ասում են. «Նրանք այն ուսուցիչներն են, որ
գիտեն երկինքը, աստղերը…Նրանք բոլորից շատ բան գիտեն»:

Շահառու յուրաքանչյուր դպրոցում, որտեղ կհիմնվի աստղագիտական խմբակ, 2
ուսումնական տարվա ընթացքում ամսական 2 անգամ կանցկանցվեն հանդիպումներ և
աստղադիտումներ: 2018/2019 ուստարվա ավարտին յուրաքանչյուր դպրոց կկազմակերպի
աստղագիտական միջոցառում տեղի համայնքում՝ կիսվելով իրենց գիտելիքներով,
տարվա ընթացքում ստացած փորձով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել