Այսօր՝ օգոստոսի 2-ին, կառավարության նիստի ժամանակ քննարկվել է դատավորի ստացած թույլատրելի չհամարվող նվերը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը։
Նախագիծը կառավարության հավանությանն է ներկայացրել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«ՀՀ դատական օրենսգրքով և Սահմանադրական դատականի մասին օրենքով սահմանվել է, որ դատավորի կողմից օրենքներով սահմանված թույլատրելի չհամարվող նվեր ստանալու դեպքում, դատավորը պարտավոր է վերադարձնել կամ համարժեք հատուցում կատարել՝ նվեր ստանալուց հետո մեկ շաբաթյա ժամկետում, եթե սահմանված ժամկետում դատավորի կողմից նվերը չի վերադարձվում կամ վերադարձնելը կամ համարժեք հատուցումըը հնարավոր չէ: Նա պարտավոր է նվերը ստանալուց հետո մեկ շաբաթյա ժամկետում նվերը հանձնել կառավարության սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությանը։ Կառավարության որոշումն ընդունելը կարևոր է, որպեսզի կարողանանք կարգավորել այդ իրավահարաբերությունները։ Նախատեսվում է, որ այն հանձնվելու է պետական գույքի կառավարման համապատասխան պետական մարմնին»,- նշեց Արտակ Զեյնալյանը։
Նախարարը պարզաբանեց թույլատրելի և չթույլատրելի նվեր հասկացությունները։
«Դատական օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասը պարզաբանում է «նվեր» հասկացությունը։ Չթույլատրելի նվերը, ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի։ Այսպիսի ձևակերպումներ են, որոնք տալիս են առավելություն ավելի էժան ապրանքի կամ ծառայության մասին, իսկ թույլատրելի համարվում է այն նվերը, որը, սովորաբար կարող էր տրամադրվել, եթե չլիներ դատավոր լինելու հանգամանքը։ Իհարկե, դա չի կարող գերազանցել միանգամյա 100.000 դրամից ավելի գումարը, իսկ տարվա կտրվածքով 400. 000 ՀՀ դրամը։ Գոյություն ունեն չափանիշներ, որոնց միջոցով դատավորը կարող է գնահատել այն»,-նշեց Զեյնալյանը։
Վարչապետը մտահոգություն ուներ, որ նույն պետական պաշտոնյաները չգիտեն նշված չափորոշիչների մասին, ցածր է նաև հանրության իրազեկվածության մակարդակը։
«Գործնականում միշտ չէ, որ սահմանված կանոնները պահպանվում են, ոչ միայն չիմացության, այլև այն պատճառով, որ համապատասխան տեղեկատվական ուղերձներ չեն հղվում, որ սա պետության համար կարևոր է։ Կխնդրեմ, որ որոշակի միջոնցներ ձեռք առնվեն, որպեսզի հանրության իրազեկվածության մակարդակը բարձրանա։ Անհրաժեշտ է, որ իրազեկման օբյեկտը, ոչ միայն պաշտոնյաները լինեն, այլ նաև հանրությունը»,- ասաց վարչապետը։
Քննարկման արդյունքում որոշումն ընդունվեց ։