Չհայտարարված այց ապաստան հայցողների «Հատուկ կացարան» ՊՈԱԿ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հուլիսի 25-ին չհայտարարված այց են իրականացրել Միգրացիոն ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ մամուլի ծառայությունից:

Այցի ընթացքում ստուգվել են ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցում տեղ գտած առաջարկությունների իրացման վիճակը, բնակության ու սանիտարահիգիենիկ պայմանները և այլ հարցեր։

Արձանագրվել է, որ զեկույցում բարձրացված որոշ խնդիրներ լուծում են ստացել. Կացարանում բնակության ներքին կարգապահական կանոնները թարգմանվել են 4 լեզվով՝ արաբերեն, պարսկերեն, անգլերեն և ռուսերեն, խոհանոցի սանիտարահիգիենիկ վիճակը բարեկարգվել է։ Վերանորոգվել և կահավորվել է նաև երեխաների խաղասենյակը:

Այնուամենայնիվ, արձանագրվել է, որ չլուծված է մնում կրոնական կամ ազգային առանձնահատկություններով պայմանավորված հատուկ սննդի հարցը: Առանձնազրույցների ընթացքում ստացվել են տեղեկություններ կացարանի սանիտարահիգիենիկ և կենցաղային պայմանների անբավարար լինելու, բնակիչների միջև միջանձնային խնդիրների պատճառով կոնֆլիկտների առկայության վերաբերյալ և այլն: Պաշտպանի աշխատակազմը վերջին հարցում համագործակցում է նաև Ոստիկանության հետ, ինչպես նաև բոլոր դեպքերում՝ Միգրացիոն ծառայության ու ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ։

Այցի ընթացքում Կացարանում բնակվող անձանց պարզաբանվել են իրենց իրավունքներն ու պարտականությունները, Պաշտպանի լիազորությունները, դիմելու և բողոքի քննարկման ընթացակարգը:

Այցին ներգրավվել են արաբերենի, թուրքերենի, իսպաներենի ու պարսկերենի թարգմանիչներ։

Կացարանի աշխատակիցները աջակցել են Պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքին։

Այցի արդյունքների ամփոփմամբ կձեռնարկվեն արձանագրված խնդիրների լուծմանը նպաստելուն ուղղված քայլեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել