Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է սահմանել տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների չափորոշիչներ։
Մասնավորապես օրենքի հիմնական հասկացություններում լրացնել տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություններ հասկացությունը և նույն օրենքի 6-րդ հոդվածի համապատասխան լրացմամբ և սահմանել, որ այդ օբյեկտներն իրենց բնութագրիչներին համապատասխան հանդիսանում են արտակարգ վտանգավոր օբյեկտներ։
Նախագծի ընդունման պարագայում կառավարության կողմից պետք է սահմանվեն այդ օբյեկների չափորոշիչները։
Հարցը արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Կառավարության քննարկմանը կներկայացվի այսօր՝ օգոստոսի 2-ին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կապահովվի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 23.04.2018թ. թիվ 370-Ա որոշման պահանջը, համաձայն որի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մինչև սույն թվականի մայիսի 1-ին տասնօրյակը ՀՀ կառավարության քննարկմանը պետք է ներկայացվի «Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների չափորոշիչները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ: