Կհաստատվի պաշտոնաթող Հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով պետք է հաստատվի պաշտոնաթող Հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը:

Կ Ա Ր Գ

ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետոթյան պետական բյուջեից պաշտոնաթող Հանրապետության նախագահի (այսուհետ՝ պաշտոնաթող նախագահ) գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) գործունեության ֆինանսավորման իրա-կանացման կարգի հետ կապված հարաբերությունները ։
  2. Հայաստանի Հանրապետոթյան պետական բյուջեից պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության իրականացման համար ֆինանսական միջոցներ տրամադրվում են հետևյալ ուղղություններով՝
  • գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրություն,
  • գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռք բերում:
  1. Տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ֆինասավորումը իրականացվում է վարչապետի աշխատակազմի ֆինանսավորման ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված նախահաշվի հիման վրա:
  2. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված գրասենյակի աշխատողների հիմնական աշխատավարձի չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման 5-րդ հավելվածով։
  3. Պաշտոնաթող նախագահի գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձը չի կարող գերազանցել 2 միլիոն դրամը։

Նախագծի հիմանվորման մեջ նշված է.

«Պաշտոնաթող Հանրապետության նախա­գահի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ի կատարումն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.3 հոդվածի 3-րդ մասի, և ՀՀ վարչապետի 19.06.2018թ. N  804-Ա որոշման 1-ին հավելվածի 2-րդ կետով նախատեսված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշ­խիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2018 թվականի մարտի 7-ի ՀՕ-143-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 2-րդ միջոցառումանը համապատասխան։

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով պաշտոնաթող Հանրապետության նախագահներին ըստ իրենց ցանկության տրամադրվում են կահավորված գրասենյակ, ինչպես նաև գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է մինչև երեք հաստիքային միավոր։

Ներկայումս Հանրապետության առաջին և երկրորդ նախագահների գրասենյակների պահպանման ծախսերի ֆինանսավորումը իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, սակայն գոյություն չունի դրանց ֆինասավորման միասնական կարգ։ Այսինքն այդ գրասենյակների ֆինասավորման գործունեությունը կանոնակարգված չէ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել