ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իրավական գործընթաց է սկսելու Զոյա Թադևոսյանի դեմ

ՀՅԴ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել.

«Երեկ՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը նշել է, թե Արցախի ազատագրված տարածքները գրավյալ տարածքներ են, և դրանք պետք է վերադարձնել Ադրբեջանին, եթե հիմնախնդրի լուծումը դա է պահանջում:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեն այդ առիթով նիստ է գումարել, որի ավարտին ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը «Ապառաժ»-ին տեղեկացրել է ԿԿ որոշման մասին:

«Տիկին Թադևոսյանի հնչեցրած տեսակետի առիթով բազմաթիվ կոշտ արձագանքներ են եղել թե՛ Արցախում և թե՛ Հայաստանի Հանրապետությունում:

Անցած տասնամյակների ընթացքում մենք բազմիցս անդրադարձել ենք նման հայտարարություններին: Սակայն այդ տեսակետները երբեմն դիտարկվում էին որպես զգացական: Պետք է խոստովանենք, որ անցյալում այս կարգի տեսակետներ ներկայացնող քաղաքական գործիչների կամ անձերի նկատմամբ քրեական գործընթաց և համապատասխան պատժամիջոցներ չեն կիրառվել: Գուցե դա մեր թերությունն է եղել: Ստեղծվել է նոր իրավիճակ. օրենքների գերակայության սկզբունքը նկատի ունենալով՝ ՀՅԴ Արցախի ԿԿ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկելու իրավական գործընթաց սկսելու համար:

Տիկին Թադևոսյանի հնչեցրած տեսակետը ԱՀ Սահմանադրությանը դեմ գնալու կոչ է: Այդ կոչով վտանգվում է Արցախի տարածքային ամբողջականությունը և Արցախի՝ ինքնիշխան պետություն լինելու հանգամանքը:

Մեզ չեն բավարարում քաղաքական ուժերի և անհատների քաղաքական գնահատականները: ՀՅԴ Արցախի ԿԿ-ն որոշել է հարցը տեղափոխել իրավական և քաղաքական դաշտ: Պաշտոնական գրությամբ դիմելու ենք Արցախի Հանրապետության նախագահին՝ որպես ԱՀ Սահմանադրության երաշխավորի, և ԱՀ դատախազությունից պահանջելու ենք համապատասխան միջոցներ ձեռնարկել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել