2018թ. առաջին կիսամյակում աննախադեպ արդյունքներ են գրանցվել ապօրինի անտառահատումների դեմ պայքարում

Հանրապետության ամենամեծ անտառային ֆոնդերն ունեցող երեք մարզերում՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում, ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների ենթակա բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, առանձին դեպքերում նաև ՀՀ բնապահպանության նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների մասնաճյուղերի աշխատակիցների, բնապահպանների կողմից հայտնաբերվել է ապօրինի ծառահատման թվով 241 դեպք, որոնցից 99-ով հարուցվել է քրեական գործ:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Անհրաժեշտ է նշել, որ 2017թ. 1-ին կիսամյակում վերոնշյալ պետական մարմինների գործունեության արդյուն¬քում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման թվով 108 դեպք, որոնցից ընդամենը 14-ով է քրեական գործ հարուցվել: Այսինքն ապօրինի ծառահատման հայտնաբերված դեպքերը 2018թ. առաջին կիսամյակի կտրվածքով ավելացել են 124 տոկոսով, իսկ հարուցված քրեական գործերը՝ 7 անգամ: Ավելին. 2018թ. առաջին կիսամյակում միայն նշված երեք մարզերում հարուցվել է գրեթե այնքան քրեական գործ, որքան ամբողջ 2017թ. ընթացքում (110):

2018թ. առաջին կիսամյակում երեք մարզերի կտրվածքով նախապատրաստված նյութերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 9մլն դրամ, որից կամովին վերականգնվել է 3 մլն 154 հազար դրամ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նախապատ¬րաստված նյութերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5 մլն 160 հազար դրամ, որից վերականգնվել է 1.9 մլն դրամը:

Իսկ նույն հատկանիշներով հարուցված 99 քրեական գործերով պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը հաշվարկվել է 378.5 մլն դրամ:

Վերջինիս վրա էական ազդեցություն են ունեցել Լոռու մարզում դեռևս 2017թ. հայտնաբերված՝ ապօրինի անտառահատման դեպքով հարուցված մեկ քրեական գործով կատարված բացահայտումները: Մասնավորապես Լոռու մարզի դատախազությունում 2017թ. օգոս¬տոսի 8-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անտառային ֆոնդի տարածքում գտնվող ծառերի ապօրինի հատում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետությունում նշանակված ստուգման արդյունքում պարզվել էր, որ անտառպետությունում ապօրինի հատվել են 1445 կանգուն ծառեր, որոնք ունեն մինչև երկու տարվա վաղեմություն, իսկ հատումների արդյունքում բուսա¬կան աշխարհին պատճառված վնասի կազմել է առանձնապես խոշոր՝ 145.469.700 ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակ-ցության հիման վրա անտառապետին մեղադրանք է առա¬ջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով,  2 անտառապահներին՝ 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը 2018թ. մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Միաժամանակ միջոցներ են ձեռնարկվել պատճառված վնասը վերականգնելու նպատակով մեղադրյալների գույքի վրա արգելանք կիրառելու ուղղությամբ:

Այն դեպքերում, երբ առկա է եղել ապօրինի ծառահատումները նաև անտառների պահպանության գործառույթներով օժտված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կատարված լինելու վերաբերյալ,  քրեական գործերը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ապօրինի ծառահատումը), 311-րդ հոդվածի(կաշառք ստանալը), 312-րդ հոդվածի (կաշառք տալը), 308-րդ հոդվածի (պաշտոնեական դիրքի չարաշահումը) տարբեր մասերի համակցությամբ: Առանձին դեպքերում քրեական գործեր են հարուցվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութությունը, որը անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքների),  325-րդ հոդվածի 1-ին մասի (փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ բովանդակությամբ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու) հատկանիշներով:

Երեք մարզերում հարուցված 99 քրեական գործերից 7-ով վարույթը կարճվել է, 23-ով՝ կասեցվել՝ հիմնականում ապօրինի ծառահատում իրականացրած անձանց հայտնի չլինելու հիմքով:
Հաշվետու ժամանակահատվածում 13 քրեական գործ՝ 15 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ: Այս քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 7 մլն դրամ, որից նախնական քննության և դատաքննության ընթացքում վերականգնվել է գրեթե 2.5 մլն դրամը:
Համեմատության համար նշենք, որ 2017թ. առաջին կիսամյակում դատարան է ուղարկվել ապօրինի ծառահատման հատկանիշներով քննված 3 անգամ ավելի քիչ՝ թվով 4 քրեական գործ՝ 4 անձի վերաբերյալ: Դրանցով պետությանը պատճառված վնասն ընդհանուր կազմել է 1.8 մլն դրամ, որից հատուցվել է ընդամենը 250 հազար դրամի վնասը:

Վերոնշյալ արդյունքներն արձանագրվել են 2017թ. հուլիսի 19-ին ՀՀ դատախազությունում կայցած խորհրդակցությամբ սկսված և իրավասու այլ մարմինների, մասնավորապես ՀՀ Ոստիկանության, ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ բնապահպանության նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ ապօրինի անտառահատումների կանխման, հանցավոր արարքներ կատարած անձանց ամբողջ շրջանակի ու կիրառվող հանցավոր մեխանիզմների հայտնաբերման, բնությանը հասցված վնասի իրական ծավալների հաշվարկման և վերականգնման, ոլորտը կարգավորող իրավական ակտերի հստակեցման ուղղությամբ ակտիվ պայքարի շրջանակներում:

Մասնավորապես խնդիր էր դրվել այս ապօրինի ծառահատման փաստերով հարուցված յուրաքանչյուր քրեական գործի հարուցման և անտառի պահպանության համար պատասխանատու անձանց մեղավորության հիմնավորման պարագայում ստուգումներ իրականացնել վերջիններիս սպասարկման ամբողջ տարածքում, մեղադրանքի առաջադրմանը զուգահեռ նախաձեռնություն ցուցաբերել պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով քաղաքացիական հայցերի, վարչական տուգանքների ապահովման ուղղությամբ: ՀՀ Ճանապարհային ոստիկանության կողմից ուժեղացվեց հսկողությունը ինչպես մայրուղիներում, այնպես էլ ճանապարհների և անտառներից ելքերի վրա: Որպես միասնական քաղաքականություն՝ որոշվեց ապօրինի ծառահատմամբ շրջակա միջավայրին պատճառված վնաս  գնահատել ոչ միայն հատված ծառի ինքնարժեքը, այլ նաև շրջակա միջավայրի վերականգնման համար անհրաժեշտ գումարի չափը:

Անտառօգտագործման համապատասխան պայմանագրերի ձևերում  մտցվեցին փայտանյութի ձեռքբերման և իրացման հետ կապված մի քանի պարտադիր դրույթներ, իրականացվել է համապատասխան հրամաններում կամ պայմանագրերում անտառի պահպանության համար պատասխանատու յուրաքանչյուր պաշտոնյայի իրավունքները և պարտականություններն ավելի կոնկրետացնելու գործընթաց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել