Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները Նոր Նորքում հայտնաբերեցին և բերման ենթարկեցին Լոռու մարզի բնակիչներ Սլավիկ Ա,-ն ու Արտակ Ջ.-ն։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Մաշտոցի բաժնում օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացվել, որ վերջինիս մեքենայում թմրամիջոց կա։ «Ֆոլքսվագենի» խուզարկությամբ հայտնաբերվեցին սպիտակավուն հեղուկով լցված ներարկիչներ։ Ըստ բերման ենթարկվածների՝ հայտնաբերվածը սուբուտեքս թմրամիջոց է և պատկանում է իրենց։
Նույն օրը, դարձյալ օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում հայտնաբերվեց ու մեքենայով հանդերձ ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկվեց Գավառի բնակիչ, 50-ամյա Նիկոլայ Չ.-ն։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց դարձյալ սպիտակ հեղուկով ներարկիչ, որն, ըստ Չ.-ի՝ սուբուտեքս է։
Հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզեցին, որ կասկածանքով բերման ենթարկված տղամարդկանց սուբուտեքսը իրացրել է Երևանի բնակիչ, 47-ամյա Արթուր Պ.-ն: Նա ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Մաշտոցի բաժին։
Հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Ոստիկանները համատեղ աշխատանքով պարզեցին, որ Արթուր Պետրոսյանին էլ թմրամիջոցներն իրացրել է դարձյալ երևանաբնակ Դավիթ Դ.-ն։ 42-ամյա Դ.-ն ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Մաշտոցի բաժին։ Բերման ենթարկվելիս նա նետել էր ձեռքի պարունակությունը, որի մեջ, ինչպես հետո պարզվեց՝ ներարկիչներ, ածելի և «8» գրառմամբ դեղահաբի կտորներ էին։
Հարուցվել է քրեական գործ։
Արթուր Պ.-ն ու Դավիթ Դ,-ն կալանավորվել են։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են: