Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, դերասան Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու է ընտրվել:
Իրավաբան.net-ը ներկայացնում է ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածուի կենսագրությունը:
Հայկ Մարությանը (առավել հայտնի է Կարգին Հայկո մականունով) ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 18-ին:
Հայկ Մարությանը 7 տարի սովորել է Երևանի №83 միջնակարգ դպրոցում, 8-10-րդ դասարանները՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում։
1992 – 1997 թվականներին սովորել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում։
1995 – 2002-ին խաղացել է պոլիտեխնիկական ինստիտուտի «Հայկական պրոյեկտ» ՈւՀԱ թիմում։
1996 – 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան՝ «220 վոլտ», «Վայլուր», «Մեր բակը», «Մեր բակը 2», «Թույն կասետ», «Ուրիշ կասետ», «Բանդա», «Կոմերցիոն ներկայացում» բեմադրություններում («Արմենիա» հեռուստաընկերության հետ համատեղ)։
2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատում է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Համատեղ ստեղծել է հետևյալ նախագծերը՝ «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ», «7.5», «No Comment», «Ալա Բալա Նիցա»։ Նաև մասնակցություն է ունեցել նշված նախագծերում՝ որպես դերասան։ Մասնակցել է բազմաթիվ հեռուստա և կինոնկարահանումների։
2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։
2018 թվականի մայիսից սկսած` բուռն մասնակցություն է ունեցել Հայաստանի Հանրապետության «Քայլ արա» շարժմանը:
Ամուսնացած է ազգությամբ չեխ Իվայի հետ, ում հետ ծանոթացել է 2004 թվականին, երբ վերջինս որպես կամավոր աշխատում էր Սպիտակում «Կարմիր խաչի» առաքելության ներքո։
Ունի 4 երեխա՝ Ալիսան, Արթուրը, Արմանը և Ադելը։
2013 թվականի ամռանը Երևանում սկսված հասարակական տրանսպորտի թանկացման դեմ ցույցերի ժամանակ Հայկ Մարությանը և իր ընկերներ իրենց մեքենաներով կանգառներում հասարակական տրանսպորտին սպասող քաղաքացիներին անվճար տեղափոխում էին Երևան քաղաքի տարբեր վայրեր։
Ֆիլմագրություն
Թվական | Ֆիլմ | Մասնակցությունը որպես՝ |
---|---|---|
1996 | «220 վոլտ» | դերասան |
1996 | «Վայլուր» | դերասան |
1996 | «Մեր բակը» | դերասան |
1998 | «Մեր բակը – 2» | դերասան |
2000 | «Թույն կասետ» | դերասան |
2000 | «Ուրիշ կասետ» | դերասան |
2000 | «Բանդա» | դերասան |
2001 | «Կոմերցիոն ներկայացում» | դերասան |
2002 – 2009 | «Կարգին Հաղորդում» | դերասան, սցենարիստ, պրոդյուսեր |
2007 – 2009 | «Կարգին Մուլտեր» | դերասան |
2010 – 2013 | «Կարգին Սերիալ» | դերասան, սցենարիստ, պրոդյուսեր |
2011 | «Ալա Բալա Նիցա» | դերասան, սցենարիստ, պրոդյուսեր |
2014 | «Սուպեր մամա» | դերասան, սցենարիստ, պրոդյուսեր |
2015 | «Սիրո գործակից» | դերասան, սցենարիստ, պրոդյուսեր |
2016 – 2018 | «Ազիզյանները 1-4» | դերասան, պրոդյուսեր |
2017 | «Սուպեր Մամա 2» | դերասան, սցենարիստ, պրոդյուսեր |