Հերթական ապատեղեկատվական նյութն է հրապարակվել տարկետման հարցի վերաբերյալ. Հովհաննես Հովհաննիսյան

Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հերթական ապատեղեկատվական նյութն է հրապարակվել տարկետման հարցի վերաբերյալ մամուլի ազատության դեմ ոտնձգություններից բողոքող թերթերից մեկում:

«Այն, որ վերնագիրը չի համապատասխանում նյութի բովանդակությանը, կարելի է ասել դրա նկատմամբ արդեն իմունիտետ ձեռք բերել ենք, սակայն սա ևս մեկ անգամ լավ առիթ է հրապարակային ձևով ներկայացնելու խնդրի բովանդակությունը:

Նախորդ կառավարության կողմից ընդունված 451 որոշման տրամաբանությամբ տարկետման իրավունքից կարող էին օգտվել միայն մատների վրա հաշված մարդիկ: Նոր կառավարությանը հաջողվեց փոխել կարգի մեջ ամրագրված անցողիկ շեմերը, ավելացնել թոփ 50 համալսարանները՝ scholarship-ի պայմանով, ինչպես նաև որոշում ընդունվեց ցանկում ավելացնել նաև ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված ամսագրերում տպագրված հոդվածները: Այս փոփոխությունները հնարավորություն տվեցին մոտ 130 երիտասարդի ապահովել իրենց կրթության շարունակակությունը:

Տարկետման այս գործընթացից հիմնական բողոքները (որոնք չեն անցնում մեկ տասնյակը) կամ հանձնաժողովից են կամ տեղավորվում են «ես մեկ կամ երկու բալով չեմ անցել տրամաբանության» մեջ: Օրինակ, երիտասարդներից մեկը բերել է երկու հոդվածի տեղեկանք, որը հանձնաժողովը հաշվել է, սակայն հաշվարկներից և հանձնաժողովի աշխատանքներից հետո բերել է ևս մեկ տեղեկանք և պահանջում, որ դա ևս հաշվեն: Հանձնաժողովի կազմում ՀԿ ներկայացուցչի և ուսանողի առկայությունը պայմանավորված է եղել շահառու խմբերին գործընթացին ներգրավելու պահանջով, որը քննարկվել է տարբեր մակարդակներով: Վերջիվերջո, այդ ուսանողների ամիսներ շարունակ տևած պայքարի արդյունքն էր նաև տարկետման կարգի այս փոփոխությունը: Բողոքարկման հանձնաժողովը մանրակրկիտ նայել է բոլոր գործերը և շեղումը ընդհանուր միջին միավորից, կարգի շեմը չհաղթահարած երիտասարդների պարագայում, կազմել է 1-1.5 բալ: Հանձնաժողովը հաշվի է առել մոտիվացիոն նամակները, երաշխավորագրերը, քանի որ գործերը եղել են հանձնաժողովի ձեռքի տակ և բոլորը ծանոթացել են դրանց: Ավելորդ չէ նշել, որ հանձնաժողովի գնահատականները ընդհանուր առմամբ բավականին բարձր են եղել և ընդհանուր միջին գնահատականը եղել է 18 բալի շրջակայքում: Բացի այդ, այն երիտասարդները, որոնք քիչ բալերով չեն հաղթահարել շեմը, ԿԳՆ առանձին նամակով խնդրել է ՊՆ-ին դիտարկել նրանց ծառայությունը գիտավաշտում կամ օգտագործել նրանց ունակությունները և գիտելիքները փոխշահավետ ձևաչափով:

Հ.Գ. Լրագրողներին խնդրում եմ նյութ հրապարակելիս հարցնել նաև ԿԳՆ կարծիքը: Մենք բաց ենք ու հասանելի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել