Պոլիկլինիկաներում ոչ աշխատանքային օրերին հերթապահություն պետք է սահմանել․ առողջապահության նախարար

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ քննարկվել են դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգի կիրարկմանն առնչվող հարցեր:  Քննարկմանը մասնակցող Երեւանի քաղաքապետարանի, երեւանյան պոլիկլինիկաների ներկայացուցիչները բարձրացրել են իրենց հետաքրքրող, մտահոգող հարցերը, որոնք վերաբերում են իրականացվելիք փոփոխությանը:

Անահիտ Ավանեսյանը շեշտել է, որ  դեղերի մյուս մասը դեղատոմսով դուրս գրելու ընթացքը սահուն կազմակերպելու համար անհրաժեշտ է հաշվի առնել ընթացիկ տեխնիկական հարցերը,  լսել շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկները:

Ներկաներն արձանագրել են, որ հակաբիոտիկների` դեղատոմսով դուրս գրումն աստիճանաբար հունի մեջ է ընկնում, առանձնակի խնդիրներ չեն դիտվում:

Ընդգծվել է, որ դեղերի դուրս գրման համար նախատեսված դեղատոմսը որոշակի փոփոխությունների է ենթարկվում` արհեստական խոչընդոտներ չստեղծելու ոչ պացիենտների, ոչ էլ բժիշկների համար:  Միաժամանակ, քայլն ուղղված է բժիշկների կողմից կոնկրետ դեղագործական ընկերությունների  արտադրության դեղերի նշանակումն ու ուղղորդումը բացառելուն:

Ի պատասխան մտահոգության, որ դեղատոմս ձեռք բերելու համար պոլիկլինիկաներ այցելության թվի կտրուկ ավելացումը կարող է հանգեցնել հերթերի ու դժգոհությունների` փոխանցվել է նախարարի հստակ դիրքորոշումը` պոլիկլինիկաներում ոչ աշխատանքային օրերին սահմանել հերթապահություն, հստակ քայլեր ձեռնարկել` կտրուկ բարելավելու ծառայության որակը բուժօգնության առաջնային օղակում:

Այսօրինակ հանդիպումները շարունակական բնույթ են կրելու, եւ առողջապահության նախարարությունում հավաքագրվելու են թե համակարգային փոփոխությանը, թե դեղերի որակին ու դուրսգրմանն առնչվող խնդիրներն ու դժգոհությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել