Որքա՞ն պետք է վճարի սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն` պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենքի խախտմամբ չներկայանալու պահից սկսած` ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատվելու և նրանց նկատմամբ հարուցված քրեական գործը դադարեցնելու համար յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչի դիմաց կարող են մուծել վճարներ հետևյալ դրույքաչափով`

 

 

1. պարտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրացած զինապարտները` 100.000 ՀՀ դրամ,

 

 

2. պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքեր ձեռք բերած զինապարտ քաղաքացին`

 

• ով առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի է ճանաչվել` 30.000 ՀՀ դրամի չափով,

 

• ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) մահացել է ՀՀ պաշտպանության ժամանակ կամ զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է` անկախ 27 տարին լրանալու հանգամանքից` առանց որևէ վճարի,

 

• ով ունի գիտական աստիճան և զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ` 50.000 ՀՀ դրամի չափով,

 

• ուսումը շարունակելու համար տարկետում ստացած զինապարտները` 50.000 ՀՀ դրամի չափով

 

 

3. ընտանեկան դրության բերումով տարկետման իրավունք ձեռք բերած քաղաքացիները` 30.000 ՀՀ դրամի չափով,

 

4. 3 և ավելի երեխա կամ առանց մոր մեծացող 2 երեխայի պարագայում` առանց որևէ վճարի,

 

 

5. առողջական վիճակի պատճառով տարկետում ստացած զինապարտները` 30.000 ՀՀ դրամի չափով:

 

 

Վճար մուծած քաղաքացիներին տարկետում տրվում է մինչև 27 տարեկան դառնալը:

 

 

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկելու նպատակով ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում մտնում են 5 անձ ՀՀ ՊՆ նախարարությունից, 2 անձ` դատախազությունից և հանրապետական հանձնաժողովում ընդգրկված պետական կառավարման մարմինների մեկական ներկայացուցիչներից:

 

 

Նշված վճարները մուծելու համար իրեն հաշվառած զինկոմիսարիատին դիմում կարող է ներկայացնել անձամբ քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը, իսկ եթե քաղաքացին գտնվում է օտարերկրյա պետությունում` դիմում կարող է ներկայացնել ՀՀ դեսպանատուն կամ հյուպատոսություն:

 

 

Դիմումում նշվում են ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, անուն ազգանուն, հայրանունը, քաղաքացիությունը, ՀՀ-ում կամ օտարերկրյա պետությունում բնակության (հաշվառման) հասցեն, զինվորական ծառայությունից խուսափելու ժամանակահատվածը և պատճառները:

 

 

Դիմումը պետք է ստորագրված լինի և միաժամանակ կից պետք է ներկայացվի ծննդյան վկայականի և անձնագրի պատճեները, բնակության (հաշվառման) մասին տեղեկանք, ընտանիքի կազմի մասին տեղեկանք, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու իրավունք տվող հիմքերը:

 

Լրացուցիչ ուսումնասիրման կամ ստուգման նպատակով կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր: Դիմումը միջգերատեսչական հանձնաժողովը քննարկում է 15 օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ ուսումնասիրության պարագայում առավելագույնը 1 ամսյա ժամկետում, որից հետո իր ընդունած որոշումը 3 օրյա ժամկետում ներկայցնում է հանրապետական հանձնաժողովին, որն էլ այն քննարկում է որոշում կայացնում է 1 ամսյա ժամկետում: Դիմումը քննարկելու և դիմումատուին պատասխանելու ժամկետը բոլոր դեպքում չի կարող գերազանցել 2 ամիսը:

 

 

Իրավաբան.net-ի հետ զրույցում Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանի խոսքով` դիմումը բավարարվելու դեպքում գումարը պետք է մուծվի 10 օրվա ընթացքում, իսկ մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով, միջգերատեսչական հանձնաժողովը հանրապետական հանձնաժողովի հաստատած որոշումը և վճարը մուծված լինելը հավաստող անդորրագիրը ուղարկում է դատախազություն և վերջինս պարտավոր է 1 շաբաթվա ընթացքում քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ուղարկել համապատասխան զինկոմիսարիատ:

 

 

«Քաղաքացին իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցման մասին որոշումը, զինվորական գրքույկը (պահեստազորում հաշվառվելու մասին նշումով) ստանում է վճարը մուծելուց հետո` 1 ամսվա ընթացքում»,- նշեց նա:

 

 

Օրենքի գործողությունը տարածվում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2011 թվականի մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում զորակոչից խուսափած անձանց վրա:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել