Շեքսպիրի հանճարեղ «Համլետ» ստեղծագործությանը ծանոթ ենք բոլորս. եղբայրը սպանում է եղբորը` գահը ժառանգելու համար, և նրան դա հաջողվում է:
Ի ՞նչ ճակատագրի են արժանանում նման ժառանգները ՀՀ օրենսդրության համաձայն:
«ՀՀ օրենսդրության համաձայն` նման ժառանգները որակվում են անարժան և մեկուսացվում ժառանգությունից»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1191-րդ հոդվածի համաձայն` ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգությունից մեկուսացվում են այն անձինք, ովքեր դիտավորյալ խոչընդոտել են ժառանգատուի վերջին կամքի իրականացմանը, դիտավորյալ կյանքից զրկել են ժառանգատուին կամ հնարավոր ժառանգներից որևէ մեկին կամ մահափորձ են կատարել նրանց կյանքի նկատմամբ: Բացառություն են կազմում այն անձինք, որոնց նկատմամբ ժառանգատուն կտակը կազմել է մահափորձ կատարելուց հետո:
Ըստ օրենքի ժառանգության դեպքում ժառանգությունից մեկուսացվում են ծնողական իրավունքներից զրկված ծնողները, որոնց ծնողական իրավունքները չեն վերականգնվել ժառանգությունը բացվելու ժամանակ:
Անարժան ժառանգներին ժառանգությունից մեկուսացնելու համար հիմք են դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը և (կամ) վճիռը:
Անարժան ժառանգներին ժառանգությունից մեկուսացնելու պահանջով դատարան դիմելու իրավունք ունեն այն անձինք, որոնց համար նման մեկուսացումն առաջացնում է ժառանգության հետ կապված գույքային հետևանքներ:
«Ի դեպ, վերը նշված նորմերը կիրառվում են նաև ժառանգության պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգների վրա, ինչպես նաև կտակային հանձնարարության նկատմամբ»,-նշում է իրավաբանը:
Աղբյուրը` Իրավաբան.net