ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Բյուրականում գտնվող, Նարեկ Հովսեփյանին պատկանող տնից կատարված գողության դեպքի առթիվ:
Նարեկ Հովսեփյանը Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին է: Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ը ճշտեց ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից:
Նախնական տվյալներով` 2018 թվականի հունիսի լույս 28-ի գիշերն անհայտ անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, պոկել է Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գտնվող, Ն.Հովսեփյանին պատկանող տան առաջին հարկի պատուհանի մետաղյա ճաղավանդակը, կոտրել պատուհանը, ապօրինի մուտք գործել ներս, տակնուվրա արել բոլոր դարակները, տունը և հափշտակելով սիգարներ ու մեկ հատ հուշանվեր-թուր՝ դիմել փախուստի:
Նախնական հաշվարկներով` պատճառված վնասը գնահատվում է 200.000 ՀՀ դրամ։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: