Մերուժան Մկրտչյանն ընդդեմ ոստիկանության

Այսօր ՀՀ վարչական դատարանը, դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ, քննեց վարչական գործն ըստ հայցի Մերուժան Մկրտչյանի՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության:

 

 

Հայցի էությունն այն մասին է, որ հայցվորի էստոնաբնակ բարեկամը, հայցվորի ավտոմեքենայով 2012թ. ապրիլի 12-ին երթևեկել է Քասախ գյուղից դեպի Երևան տանող երկրորդական ճանապարհով: Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնի մոտ տեղադրված արագաչափը արձանագրել է արագության գերազանցում: Հայցվորի խոսքերով` իր ավտոմեքենայի արագությունը չի գերազանցել Հայաստանի Հանրապետության տարածքում բնակավայրերից դուրս թույլատրելի առավելագույն արագությունը (90 կմ/ժ), այն ինչ արագաչափն արձանագրել է բնակավայրերում սահմանված առավելագույն թույլատրելի արագության (60 կմ/ժ) խախտում:

 

 

Ըստ հայցվորի` ճանապարհի նշված հատվածում առկա է միայն երկու տեղեկատվության նշան` Քասախ գյուղի սկզբանամասում` բնակավայրի ռեժիմ սահմանող և գյուղի վերջում, որը սահմանում է բնակավայրից դուրս ռեժիմ: Տվյալ նշանները տեղադրված են արագաչափից առաջ: Հենց բնակավայրից դուրս ռեժիմով երթևեկել է հայցվորի ավտոմեքենան, երբ արագաչափը արձանագրել է խախտումը: Հայցվորը նաև ընդունեց, որ Երևան քաղաքի բնակավայրի ռեժիմ սահմանող նշանը տեղադրված է արագաչափից առաջ, բայց այն ուղղության վրա, որով երթևեկել է հայցվորի ավտոմեքենան, տվյալ նշանը բացակայում էր:

 

 

Պատասխանող կողմը`ՀՀ ոստիկանության ՃՈ ներկայացուցիչը նշեց, որ Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնը գտնվում է Երևանի վարչական սահմաններում և այդ պատճառով հայցվորը պետք է պահպաներ բնակավայրի ռեժիմը:

 

 

Դատարանը ապացուցման բեռը բաշխել էր հետևյալ կերպ՝ հայցվորը պետք է ապացուցի, որ Քասախ գյուղը ավարտվում է նախքան արագաչափը, իսկ ՀՀ ոստիկանության ՃՈ այն, որ Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնը գտնվում է Երևանի վարչական սահմաններում, ինչի մասին ՀՀ ոստիկանության ՃՈ ներկայացուցիչը պարտավորվեց բերել տեղեկանք:

 

Այսօր դատական նիստի ժամանակ պատասխանող կողմը չէր նեկայացրել տեղեկանք դատարանին և միջնորդեց հետաձգել դատական նիստը մեկ շաբաթով՝ տեղեկանքը ներկայացնելու համար: Հայցվոր կողմը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ անիմաստ է հետաձգելը, քանի որ մեկ ամիս արդեն իսկ անցել է:

 

 

Դատարանը բավարարեց պատասխանող կողմի միջնորդությունը:

 

 

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին:

 

Հանրային թղթակից` Զարուհի Հարությունյան

  

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել