Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք, աճուրդի մասին ծանուցման մեջ սահմանված չափով, ժամկետներում և կարգով, մուծում են նախավճար, որի չափը չի կարող գերազանցել աճուրդում վաճառվող ամենաբարձր մեկնարկային գին ունեցող լոտի (աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույքի կամ իրավունքի) գնի մինչև 5%-ը:
Տրանսպորտային միջոցների` մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդին մասնակցելու համար մուծվող նախավճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Նախավճարը մուծվում է աճուրդի կազմակերպչին: Նախավճարը կարող է վճարվել կանխիկ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Աճուրդի կազմակերպիչը նախավճարը վերադարձնում է աճուրդում չհաղթած մասնակիցներին` աճուրդը կայանալուց կամ չկայացած հայտարարվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ:
Նախավճարը վճարվելու դեպքում աճուրդի կազմակերպիչը պարտավոր է մասնակցին տրամադրել մասնակցի վկայական, որտեղ նշվում է աճուրդի կազմակերպչի անվանումը, վճարված նախավճարի չափը, աճուրդի անցկացման վայրը (հասցեն) և ժամանակը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով կարող է սահմանվել մուտքի վճար, որի չափը չի կարող գերազանցել 5000 դրամը:
Աճուրդի մասնակիցներին մասնակցի վկայականներ տրամադրելը, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց տոմսերի վաճառքը պետք է դադարի աճուրդի բացումից առնվազն 30 րոպե առաջ, եթե աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ այլ ժամկետ սահմանված չէ:
Աղբյուրը` Իրավաբան.net