Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դռնբաց դատական նիստում նախագահությամբ` Մ. Սարոյանի պետք է շարունակվեր թիվ ՇԴ/0069/01/12 քրեական գործի քննությունը ըստ մեղադրանքի Հովհաննես Բաղդասարյանի ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման համար:
Հիշեցնենք, որ Հովհաննես Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներով 2006-2011թ. մարտ ամիսը օգտագործել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր, ստացել կենսաթոշակ` խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերի` 3.064.228 դրամ գումար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Այսօրվա դատական նիստին ներկա էին պետմեղադրողը և ամբաստանյալը: Դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալի պաշտպանը, ուստի դատարանը լսելով կողմերի կարծիքը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը:
Հաջորդ դատական նիստ նշանակվեց վաղը` նոյեմբերի 16-ին ժամը 11.00-ին։
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net