Սահմանադրական դատարանը` դատավորներ Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի մասնակցությամբ դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Էս Դի Էյ Թրավել» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա՝ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2211-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:
Դիմողը վիճարկել է օրենսգրքի՝ «Վերաքննիչ դատարանի դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը» վերտառությամբ 2211-րդ հոդվածը, համաձայն որի՝ «Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո»:
Դիմողը գտնում է, որ առանց որևէ ողջամիտ և օբյեկտիվ պատճառների խտրական վերաբերմունք է դրսևորվում անձանց նկատմամբ՝ կախված այն հանգամանքից, թե որ ամսին է հրապարակվել կամ մատչելի դարձել նրանց շահերին առնչվող դատական ակտը:
Այն անձինք, ովքեր վիճարկում են 31 օր ունեցող ամիսներին կայացված դատական ակտերը, առավել շահեկան դիրքում են գտնվում, քան նրանք, ովքեր անհրաժեշտություն ունեն վիճարկելու ավելի պակաս օրեր ունեցող ամիսներին հրապարակված կամ մատչելի դարձած դատական ակտերը:
Բացի դրանից, դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը չի երաշխավորում ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու միջոցով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի արդյունավետ իրացումը, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի կենսագործումը:
Վիճարկվող դրույթում սահմանված մեկամսյա ժամկետը չի համապատասխանում նաև իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ յուրաքանչյուր դեպքում այդ ժամկետը տարբեր է օրերի քանակով:
Վիճարկվող դրույթի` իր նկատմամբ կիրառելիության մասով դիմողը նշում է, որ վճռաբեկ բողոքը ներկայացրել է վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակվելուց հետո՝ 29-օրյա ժամկետում, սակայն Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բաց է թողնվել օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետը: Այնինչ, ըստ դիմողի, եթե դիմողի շահերին վերաբերող դատական ակտը հրապարակվեր հունվարին կամ մարտին, ապա դիմողը կունենար մի քանի օր ավել ժամանակ վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու համար, և վճռաբեկ բողոքը չէր համարվի ժամկետանց:
Պատասխանող կողմի՝ Ազգային ժողովի ներկայացուցիչը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում արտահայտված՝ արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման վերաբերյալ դիրքորոշումները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, ինչպես նաև առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ «Էս Դի Էյ Թրավել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումի հիման վրա վիճարկվող օրենսգրքի 2211-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրության պահանջներին:
Պատասխանողի կարծիքով՝ կոնկրետ դեպքում օրենսդիրը դատական ակտերի վերանայման համար սահմանել է նվազագույնը 25 օր, ինչը բավարար է հիմնավոր բողոքի կազմման և ներկայացման համար: Բացի դրանից, պատասխանողը գտնում է, որ այս հարցում օրենսդիրն ունի հայեցողական լիազորություն այն սահմանափակմամբ, որ նրա կողմից սահմանված ժամկետը բավարար լինի անհրաժեշտ դատավարական գործողության կատարման համար, որպեսզի չխաթարվի վերջինիս գործնական իրացումը:
Ինչ վերաբերում է իրավական որոշակիության սկզբունքին վիճարկվող իրավադրույթի առնչությանը, ըստ պատասխանողի՝ կարևոր չէ, թե որևէ դատավարական գործողության կատարման համար անհրաժեշտ ժամանակահատվածն օրենսդիրն ինչ չափման միավորով է սահմանում՝ ժամերով, օրերով, շաբաթներով, ամիսներով, թե՝ տարիներով, եթե հստակ սահմանված են տվյալ ժամանակահատվածի հոսքի սկիզբը և ավարտը:
Ըստ պատասխանողի՝ սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթով սահմանված ժամկետը, օրենսգրքի ժամկետների հաշվարկման այլ դրույթների հետ դիտարկված, առավել քան կանխատեսելի է, քանզի ամիսների տարբեր օրեր ունենալու հանգամանքը հանրաճանաչ և ընդունված փաստ է, ինչը քաղաքացիներին լիարժեք հնարավորություն է տալիս համապատասխանեցնելու իրենց վարքագիծը խնդրո առարկա իրավակարգավորումներին:
Պատասխանողը գտնում է նաև, որ օրենսդիրը դատավարական գործողության սահմանման համար բավարար ժամկետներ սահմանելիս հաշվի է առնում և հիմք ընդունում հնարավոր նվազագույն ժամկետը:
Ըստ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշման՝ օրենսգրքի 2211-րդ հոդվածը կոչված է կանոնակարգելու վերաքննիչ դատարանի հրապարակած՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելու ժամկետը՝ սահմանելով այն մեկ ամիս: Հիշյալ դրույթում օգտագործված «մեկ ամիս» եզրույթի բովանդակությունը, այդ թվում` նման ժամկետի հաշվարկման կարգը, բացահայտված է Օրենսգրքի այլ` 74-րդ և 75-րդ հոդվածներում:
Մասնավորապես, ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Միաժամանակ, ըստ օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի՝ եթե ամիսներով հաշվվող ժամկետի վերջը համընկնում է այնպիսի ամսվա, որը համապատասխան ամսաթիվ չունի, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:
Օրենքի որոշակիության սկզբունքը պահանջում է, որ անձի համար իրավակարգավորումները լինեն հնարավորինս պարզորոշ, մատչելի, ըմբռնելի, որպեսզի անձն ի վիճակի լինի դրսևորելու համապատասխան վարքագիծ:
Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ որոշակիության աստիճանը կախված է ինչպես անձանց համար իրավակարգավորումների նշանակությունից և հետևանքներից, այնպես էլ այն օբյեկտիվ հանգամանքներից՝ թե որքանով է հնարավոր ճշգրիտ լեզվական ձևակերպումներ տալ կարգավորման առարկա ոլորտներին:
Որոշակիության ավելի խիստ պահանջներ Սահմանադրության 79-րդ հոդվածը դնում է հիմնական իրավունքների սահմանափակման պարագայում. «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»:
Որոշակիության սկզբունքի կիրառության ժամանակ պետք է նկատի ունենալ, որ իրավական նորմերը, որպես ընդհանուր-վերացական կարգավորումներ, միշտ որոշակի մեկնաբանությունների կարիք ունեն, և գրեթե անհնար է իրավական միարժեք նորմերով հստակ կարգավորել կյանքի բոլոր բազմաբնույթ հարաբերությունները:
Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել նաև, որ իրավական որոշակիության կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «…անհրաժեշտ է, որ օրենքը լինի բավարար հասանելի … և որոշակի: … նորմը չի կարող համարվել «օրենք», քանի դեռ այն ձևակերպված չէ բավարար որոշակիությամբ, որպեսզի քաղաքացուն հնարավորություն տա կարգավորել իր վարքագիծը: Նա պետք է ի վիճակի լինի, անհրաժեշտության դեպքում համապատասխան խորհրդի օգնությամբ, այդ հանգամանքներում ողջամիտ աստիճանի կանխատեսել այն հետևանքները, որոնց նշված գործողությունը կարող է հանգեցնել …» (Michaud v. France, 06.12.2012):
Բացի դրանից, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանված ժամկետից հետո ներկայացված դիմումները համարել է անընդունելի, պայմանով, որ համապատասխան ժամկետի ավարտը գնահատվի կանխատեսելի (Melnik v. Ukraine, 28.03.2006):
Ելնելով վերոգրյալից, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթով սահմանված «մեկամսյա» ժամկետն ըստ նորմատիվ ձևակերպման համահունչ է Սահմանադրության 79-րդ հոդվածով նախատեսված որոշակիության սկզբունքին, քանի որ վերոհիշյալ հիմնավորմամբ որոշակի է վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելու ժամկետի հիմքում ընկած «մեկ ամիս» եզրույթի բովանդակությունը և դրան համապատասխան ժամկետների հաշվարկման կարգը: Ուստի վիճարկվող իրավադրույթի կիրառման շրջանակներում անձը հնարավորություն ունի իր իրավական վարքագիծը ներդաշնակեցնել սահմանված պահանջներին:
Այսպիսով, Սահմանադրական դատարանը որոշել է, որ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2211-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը:
Դատարանի որոշումն ուժի մեջ է մտել ընդունման օրը՝ ապրիլի 3-ին:
Եվգենյա Համբարձումյան