Ազգային ժողովը քննարկում է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու հարցը

Ազգային ժողովը այսօր՝ ապրիլի 10-ին, քննարկում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը:

«Հավատացած ենք, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում գործադիրի արդյունավետ քայլերը պետք է զուգորդվեն օրենսդիրի աջակցությամբ և վստահությամբ: Ես կարծում եմ, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության համաձայնագիրը արդյունք է հենց այդպիսի աջակցության և վստահության»,-այս մասին հայտնեց արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը:

Փոխնախարարն նշեց, որ համաձայնագիրը կուղղորդի Հայաստանի և Եվրոպական միության տնտեսական և քաղաքական հարաբերությունները ավելի բարձր մակարդակ:

Նրա խոսքով՝ համաձայնագրով նախատեսվում է ամրապնդել  քաղաքական երկխոսությունը Երևանի և Բրյուսելի միջև, հիմք ստեղծել տնտեսական և սոցիալական բարեփոխումները շարունակելու համար, քանի որ ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության սկզբունքների հանդեպ ամուր հանձնառություններն ընկած են նոր համաձայնագրի հիմքում:

Փոխնախարարը նշեց, որ համաձայնագրով կստեղծվեն էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում առավել ամուր համագործակցություն, ինչպես նաև ակտիվ շարժունակություն` ի օգուտ մեր քաղաքացիների. «Համաձայնագիրը նոր ժամանակաշրջան է նշանավորում Հայաստանի և Եվրամիության միջև առևտրային հարաբերություններում: Այն կնպաստի տնտեսական համագործակցությանը` բարելավելով բիզնես միջավայրը, նոր հնարավորություններ կտա բիզնեսի, ներդրումների և նոր աշխատատեղերի համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել