Այսօր՝ ժամը 12:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կգումարվի ԱԺ հատուկ նիստ՝ նվիրված ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնի ստանձնման արարողությանը, որին կմասնակցի 1300 մարդ, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներ, Սփյուռքի հասարակական ու քաղաքական գործիչներ, բարձրաստիճան հոգեւորականներ, պաշտոնատար անձինք:
ԱԺ այսօրվա հատուկ նիստը կբացի ԱԺ նախագահը, ինչից հետո դահլիճ կբերվեն ՀՀ պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, ՀՀ Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը:
ՀՀ նորընտիր Նախագահը կհրավիրվի ամբիոնի մոտ և կընթերցի երդման տեքստը։ ՀՀ նախագահը պաշտոնն ստանձնում է ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու հիմնական ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս մեր հայրենիքի և ի բարօրություն մեր ժողովրդի»:
Այնուհետև ՀՀ Նախագահը կստանա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի օրհնությունը։ Դրանից հետո արդեն պաշտոնն ստանձնած նախագահն իր առաջին ուղերձը կհղի ժողովրդին և դրանով նիստը կավարտվի։