Արդարադատության նախարարությունը խախտել է օրենքը՝ գործելով ի շահ «Նաիրիտ» գործարանի. ՄԻՊ

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Կարեն Իսրաելյանը դիմել է դատարան գործարանի կողմից տարիներ շարունակ իրեն չվճարված աշխատավարձի գումարը ստանալու համար։ Հայտնում է ՄԻՊ-ի գրասենյակը: Դատարանը կայացրել է բռնագանձնման վճիռ, որի հիման վրա Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը /ԴԱՀԿ/ կատարողական վարույթ է հարուցել։ Արդյունքում արգելանք է դրվել գործարանին պատկանող գույքի վրա, այնինչ ըստ օրենքի արգելանքը պետք է դրվեր դրամական միջոցների վրա, ինչը ԴԱՀԿ ապահովող ծառայության առաջնահերթ պարտավորությունն էր։ Հարկադիր կատարողների կողմից օրենքի հստակ պահանջի ակնհայտ խախտման հետևանքով էլ Կարեն Իսրաելյանին հասցվել է զգալի նյութական վնաս՝ առ այսօր նրան չի վճարվել 5 600 000 դրամ։

 

 

Կարեն Իսրաելյանը դիմել Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով նրա միջնորդությունը` պարտավորեցնել ԴԱՀԿ ապահովող ծառայությանը կատարել օրենքով սահմանված իր պարտավորությունը:

 

Պաշտպանը գրություններ է ուղարկել Արդարադատության նախարարություն՝ որպես ԴԱՀԿ ապահովող ծառայությունը վերահսկող մարմին, սակայն Պաշտպանի միջնորդությանն ի պատասխան Արդարադատության նախարարության կողմից այդպես էլ չի ապահովվել պարտապան ընկերության դրամական միջոցների վրա արգելանքի կիրառումը: Արդյունքում, Պաշտպանը Արդարադատության նախարարությունից պահանջել է վերացնել Կարեն Իսրաելյանի իրավունքի խախտումը և միաժամանակ պատասխանատվության ենթարկել խախտումը թույլ տված հարկադիր կատարողներին:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել