Ի՞նչ կարգով է իրականացվում ամուսնալուծությունը ամուսինների համաձայնության դեպքում

Ամուսնությունը կարող է դադարել ամուսնալուծության միջոցով՝ ամուսինների կամ ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, ինչպես նաև դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի դիմումի հիման վրա:

 

Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում:

 

Ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ ՀՀ Ընտանեկան օրենսգրքով նախատեսված դեպքերում և օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով:

 

Ամուսնալուծությունը ՔԿԱԳ մարմնում գրանցելու համար անհրաժեշտ է ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների համատեղ դիմումը:

 

Ամուսնալուծության մասին համատեղ դիմումում պետք է հաստատվի ամուսնալուծության մասին ամուսինների փոխադարձ համաձայնությունը, և պետք է նշվեն նաև հետևյալ տեղեկությունները.

 

ա) ամուսիններից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (ամուսիններից յուրաքանչյուրի ցանկությամբ), ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, կրթությունը, աշխատանքի վայրը և զբաղմունքը.

 

բ) ամուսնության ակտի գրառման տվյալները.

 

գ) այն ազգանունները, որոնք ընտրվում են ամուսիններից յուրաքանչյուրի կողմից ամուսնալուծությունից հետո.

 

դ) ամուսինների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները.

 

ե) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

 

Ամուսնալուծվել ցանկացող ամուսինները ստորագրում են ամուսնալուծության մասին դիմումը և նշում այն ներկայացնելու ժամանակը:

 

Ամուսնալուծության պետական գրանցումն իրականացվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո, բայց երեք ամսից ոչ ուշ, երկու ամուսինների ներկայությամբ կամ ամուսիններից մեկի պարտադիր ներկայությամբ և մյուսի՝ սահմանված կարգով վավերացված համաձայնությամբ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել