Պայմանագրային հարաբերություններ սկսելու մտադրություն ունեցող կողմերը կարող են մինչ հիմնական պայմանագիր կնքելը կնքել նախնական պայմանագիր` սահմանելով հետագայում կնքվելիք պայմանագրի առարկան և ընդհանուր պայմանները:
Մասնավորապես` նախնական պայմանագրով կողմերը պարտավորվում են ապագայում կնքել գույք հանձնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր (հիմնական պայմանագիր)` նախնական պայմանագրով նախատեսված պայմաններով:
Նախնական պայմանագիրը կնքվում է հիմնական պայմանագրի համար սահմանված ձևով, իսկ եթե հիմնական պայմանագրի ձևը սահմանված չէ, ապա` գրավոր: Նախնական պայմանագրի ձևի մասին կանոնները չպահպանելն այն դարձնում է առոչինչ:
Նախնական պայմանագիրը պետք է պարունակի պայմաններ, որոնք թույլ են տալիս սահմանել հիմնական պայմանագրի առարկան, ինչպես նաև մյուս էական պայմանները:
Նախնական պայմանագրում նշվում է այն ժամկետը, որի ընթացքում կողմերը պարտավորվում են կնքել հիմնական պայմանագիր: Եթե նախնական պայմանագրում նման ժամկետ որոշված չէ, ապա հիմնական պայմանագիրը պետք է կնքվի նախնական պայմանագիրը կնքելու պահից` մեկ տարվա ընթացքում:
Այն դեպքերում, երբ նախնական պայմանագիր կնքած կողմը խուսափում է հիմնական պայմանագիր կնքելուց, ապա մյուս կողմն իրավունք ունի դատարան դիմել` պայմանագիրը կնքելուն հարկադրելու պահանջով:
Նախնական պայմանագրով նախատեսված պարտավորությունները դադարում են, եթե մինչև այն ժամկետի ավարտը, որում կողմերը պետք է կնքեին հիմնական պայմանագիրը, այն չի կնքվում, կամ կողմերից մեկը մյուսին առաջարկ չի ներկայացնում այդ պայմանագիրը կնքելու մասին:
Մտադրությունների մասին համաձայնությունը (մտադրությունների մասին արձանագրությունը և այլն), եթե դրանում ուղղակիորեն չի արտահայտված դրան նախնական պայմանագրի ուժ տալու մասին կողմերի կամքը, չի հանգեցնում քաղաքացիական իրավական հետևանքների:
Աղբյուրը` Իրավաբան.net