Ապրիլի 7-ից կփոխվեն ֆիզիկական անձանց տրամադրվող էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի թողարկման և տրամադրման կարգը

Կառավարության ընդունած այս որոշմամբ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, փախստականի կարգավիճակ ունեցողների, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա ֆիզիկական անձանց տրամադրվող էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի թողարկման և տրամադրման հետ կապված հարաբերությունները:

Որշումն ընդունվել է մարտի 1-ին, սակայն ուժի մեջ կմտնի ապրիլի 7-ին:

Այսուհետ, էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիր ձեռք բերելու համար հայտատուն դիմում է  հավաստագրման կենտրոն՝ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն, որն իր կողմից հայտատուին ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, հավաստագրի տրամադրման նախապայմանները, ձևը, ժամկետները և վայրը:

Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի տրամադրման նախապայման է հանդիսանում կացության քարտի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրված նույնականացման քարտի, հանրային ծառայության համարանիշի կամ վերջինս չստանալու վերաբերյալ տեղեկանքի, ինչպես նաև թվային ստորագրության տարեկան սպասարկման վճարի կատարման մասին անդորրագրի ներկայացումը։

Անձը հաստատող փաստաթղթերը և սպասարկման վճարի կատարման մասին անդորրագիրը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հավաստագրման կենտրոնը տվյալ հայտատուին հեռախոսային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է հավաստագրման կենտրոն ներկայանալու անհրաժեշտության մասին:

Հավաստագրման կենտրոնը նաև տեղեկացնում է հայտատուի կողմից անձամբ ներկայանալու օրվա, ժամի և վայրի, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակների ներկայացման մասին:

«Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի 16-րդ հոդվածի հիման վրա հայտատուն՝ անձը հաստատող բնօրինակ փաստաթղթերի հետ նույնականացվելուց հետո, հավաստագրման կենտրոնի հետ ստորագրում է համապատասխան էլեկտրոնային կրիչով հայտատուին հանձնված թվային ստորագրության կլիենտային ծրագրի տարբերակի, օգտվողի ձեռնարկի և կրիչում զետեղված էլեկտրոնային թվային հավաստագրի ընդունման-հանձնման ակտ: Հայտատուին տրամադրվում է նաև օգտվողի անունը (գաղտնաբառը) և կիրառման վերաբերյալ տեղեկատվական ձևը։

Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը տրամադրելիս և դրանից հետո հավաստագրման կենտրոնը գործում է իր լիազորությունների շրջանակում` պահպանելով «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները։

Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը թողարկվում է 3 տարի ժամկետով: Հավաստագրի վերաթողարկումը կատարվում է ըստ հայտատուի դիմում-հայտի:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել