Այսօր՝ մարտի 26-ին, Ազգային ժողովում անց են կացվում խորհրդարանական լսումներ՝ դեղատոմսով դուրս գրվող դեղերի որոշման մասին:
Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ այս կարգը առաջին հերթին նախատեսվել է հիվանդների առողջությունը չվտանգելու համար:
«Շատ հաճախ մարդիկ գնում էին դեղատուն և հարցնում՝ ի՞նչ կառաջարկեք այս կամ այն ցավի դեմ: Սակայն ոչ ոք չէր կարող ասել, թե մարդու օրգանիզմի վրա ինչ ազդեցություն է թողել նշված դեղը: Արդեն վաղուց արգելվում էր բացի դեղատոմսից այլ ձևաթղթով դեղերի դուրս գրումը: Օրենքը կար, սակայն մենք այս հարցի լուծումներ չունեինք: Ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձ և տեսել ենք, որ այն դեղերը, որոնք նախատեսաված է, որ դուրս գրվեն դեղատոմսով, պետք է դուրս գրվեն դեղատոմսով»,-նշեց փոխնախարարը:
Փոխնախարարի խոսքով՝ նոյեմբեր ամսից սկսված նախարարությունը արել է բազմաթիվ միջոցառումներ՝ այս կարգերի ներդրման պատրաստավածության մակարդակը ստուգելու համար: Տվյալների ամփոփումից պարզ է դարձել, որ պացիենտների մոտ 30 տոկոսի ավելացման խնդիր կլինի, կդիտվի նաև քրոնիկ հիվանդների հոսք դեպի հիվանդանոցներ: Սակայն այս խնդիրը՝ փոխնախարարի խոսքով՝ կլուծվի «Էլեկտրոնային առողջապահություն» համակարգի ներդրումից հետո:
«Կարծում եմ, որ այն դեղերը, որոնք կան կառավարության որոշման մեջ սահմանված ցանկում պետք է դուրս գրվեն դեղատոմսով: Դեղատոմսը ինքնանպատակ չէ, դա նաև բժշկի խորը ինտելեկտուալ աշխատանքի արդյունք է»,-նշեց Սերգեյ Խաչատրյանը:
Նա նշեց նաև, որ ոչ մի դեղատոմսի տակ չի պարտադրվում կնիքի առկայությունը:
«Վերջին շաբաթների ընթացքում շատ փոքր թվով առաջարկներ ենք ստացել, սակայն բողոքները շատ են: Շատ են ասում, որ խուսափելով կոռուպցիոն ռիսկերից, թույլ չտալով թղթի կտորի վրա գրել դեղի անվանումը մենք կոռուպցիան տեղափոխում ենք դեղատուն: Այդ դեպքում պետք է պատասխանենք, թողնենք կոռուպցիոն ռիսկերը մնան բժիշկների՞ մոտ, թե պետք է պայքարենք կոռուպցիայի դեմ: Եվ ինձ մոտ մեծ զարմանք է հարուցում այն, որ սրա մասին խոսում էր կոռուպցիայի դեմ պայքարող մի կազմակերպություն»,-նշեց Սերգեյ Խաչատրյանը՝ առաջարկելով կոռուպցիոն ռիսկերը, այնուամենայնիվ, թողնել բժիշկների մոտ:
Եվգենյա Համբարձումյան