Ընտրական հանձնաժողովներին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմին տրամադրված միջոցների օգտագործման, նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստեղծում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն:
Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իրականացնում է նաև կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողություն:
Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոնը քաղաքացիական պաշտոն է, ծառայության մյուս երկու աշխատակիցները քաղաքացիական ծառայողներ են: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշանակվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոնային դրույքաչափը հավասար է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի համար սահմանված դրույքաչափի 75 տոկոսին: Ծառայության ղեկավարը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:
Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով համապետական և Երևանի ավագանու ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում ստացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի: Ազգային ժողովի խմբակցությունների` ծառայությունում նշանակած աուդիտորները աշխատում են հասարակական հիմունքներով: Նրանց գործունեությունն ավարտվում է ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո` 5-րդ օրը:
Համապետական, Երևանի ավագանու և տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների ժամանակ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում մինչև 1 ամիս ժամկետով պայմանագրային հիմունքներով կարող է ընդգրկվել մինչև 5 մասնագետ:
Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը ստանալուց հետո` 2 օրվա ընթացքում, ստուգում, ստուգման արդյունքներով կազմում է տեղեկանք և ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը: Հանձնաժողովի նիստում քննարկելուց հետո տեղեկանքը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեության կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
Աղբյուրը` Իրավաբան.net