Քրեական վերաքննիչ դատարանում այսօր՝ փետրվարի 27-ին, հրապարակվեց հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով «Իգլա» տեսակի ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով վերաքննիչ դատարանի որոշումը։
Որոշման համաձայն՝ առաջին ատյանի դատավճիռը բոլոր ամբաստանյալների մասով թողնվել է անփոփոխ:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին, ով մեղադրվում էր առաջադրված Քրեական օրենսգրքի (ՔՕ) 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մեղավոր է ճանաչել և դատապարտել ազատազրկման 6 տարի ժամկետով։
Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։
Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նա դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։
Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կարեն Քոչարյանը դատապարտվել է 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում, սակայն պայմանականորեն չկիրառելով՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Անդրանիկ Քոչարյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով և սահմանվել փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Ժորա Զաքարյանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման՝ պայմանականորեն չկիրառելով և փորձաշրջան սահշանել երկու տարի ժամկետով։
Դավիթ Հարությունյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Նրա նկատմամբ ևս սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով, պատիժը պայմանականորեն չկիրառելով։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաև Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը: