Այսօր «Իգլայի» գործով դատարանը լսեց ամբաստանյալների ռեպլիկները և պաշտպանական ճառերը: Գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։
Ամբաստանյալ Արմեն Պողոսյանի պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանը պաշտպանական ճառում ասաց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, պահելը: Արմեն Պողոսյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչել: Դատաքննության ընթացքում Արմեն Պողոսյանը հրաժարվել է ցուցմունք տալ:
Պաշտպանը շեշտեց, որ Հրաչյա Մայիլյանն անձամբ հանդիպել էր տարբեր մարդկանց, իսկ իր տված ցուցմունքում հայտնել էր, որ հրթիռ ձեռք բերելու համար դիմել է Վրաստանի քաղաքացի Գոչային: Վերցրել է այն, բերել տուն, լուսանկարել, այնուհետև պահել ավտոտնակում: Ասաց նաև, որ հրթիռի գինը դրվել է Հրաչյա Մայիլյանի կողմից: Արմեն Պողոսյանի հետազոտված ցուցմունքներում հիմնավորվում է, որ մինչև հրթիռի լուսանկարելը Արմեն Պողոսյանն արդեն հրաժարվել է այն ձեռք բերելուց, սակայն Հրաչյա Մայիլյանը շարունակում էր այդ ժամանակ հրթիռ ձեռք բերելու գործընթացը:
Պաշտպանը շեշտեց, որ հրթիռ ձեռք բերելու վերաբերյալ իր պաշտպանյալը տեղեկացած չի եղել: Արմեն Պողոսյանը միայն լուսանկարել է հրթիռը և ադ նկարը հանձնել է Սանասար Գաբրիելյանին: Դրանից հետո նա ոչինչ չի արել:
Պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանին միջնորդեց իր պաշտպանյալին արդարացնել։ Նա դատարանին ներկայացրեց պատիժը մեղմացնելու վերաբերյալ փաստաթղթեր: Դրանք են՝ 2002 թվականին ամբաստանյալ Արեմն Պողոսյանի մոտ հայտնաբերված «զոբ» հիվանդության տեղեկանքը և նրա խնամքի տակ գտնվող գործազուրկ կնոջ, թոշակառու ծնողների վերաբերյալ տեղեկանքները:
Սամվել Բաբայանն օգտվեց իրեն տված ռեպլիկի իրավունքից: Մասնավորապես ասաց, որ Սանասար Գաբրիելյանին գրել են տվել ցուցմունքը․ նա ինքնը չի գրել։ «Իգլայի» հետ կապված նշեց, որ դա հրթիռ չէ, այլ հրթիռի մասնիկ է․ «Ես գրել եմ այդ մասին, որ դա մասնիկ է»,-շեշտեց Սամվել Բաբայանը:
Նա ասաց, որ գիտի՝ հանցանք չի կատարել: «Իմ 9 տարվա ղեկավարության ժամանակ ինչ-որ կասկած չի եղել»,-շեշտեց Սամվել Բաբայանը, այդուհետև, շրջվեց մեղադրող Արամ Արամյանի ուղղությամբ և շարունակեց. «Այս ամբողջ դատական ընթացքը պետք չի քաղաքականացնել, քանի որ այդ դեպքում ես կսկսեմ հիշեցնել իմ ամբողջ անցած պատմությունը…հայոց պատմությունը»:
Սանասար Գաբրիելյանը նույնպես օգտվեց ռեպլիկի իրավունքից․ «Ես չեմ հասկանում, թե այս պատմությունն ինչի՞ համար եք բերում, կապում Սամվել Բաբայանի հետ: Բոլորդ էլ գիտեք, որ ես զինվորական եմ: Մասնակցել եմ մեծ պատերազմի: Կոչումով փոխգնդապետ եմ եղել: Ինձ շնորհակալություն էին հայտնում»:
Սանասար Գաբրիելյանը դատական նիստը համեմատեց կրկեսի հետ․ «Ինչի՞ համար մի հատ Հրաչյա Մայիլյանին չեք գտնում, հարցում չեք անում, թե այդ տրուբեն որտեղի՞ց եկավ, ընկավ Հայաստան: Հո այլմոլորակայինները չե՞ն բերել թողել ու գնացել: Ես էլ կարող եմ ասել, որ դա ձերն է…»,-նայելով դատախազին՝ ասաց Սանասար Գաբրիելյանը:
Այնուհետև ամբաստանյալներն ասացին իրենց վերջին խոսքը։
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում և խնդրեց, որ արդար դատավաճիռ կայացվի: Նշեց, որ ամաչում է ընտանիքից, դատարանից, բարեկամներից այս ամբողջ կատարվածի համար: Սամվել Բաբայանն ասաց, որ ավելացնելու ոչինչ չունի: Սանասար Գաբրիելյանը, վերջին խոսքի իրավունքից օգտվելով, դատարանին ասաց՝ մաքուր, արդար դատավճիռ լինի, որ դուրսը տեսնելուց քեզ ասեմ՝ ես քո ցավը տանեմ:Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք (փողերի լվացում):
Սանասար Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Դատավճիռը կհրապարկվի 2017 թվականի նոյեմբերի 28-ին:
Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net