Քրեական վերաքննիչ դատարանում այսօր՝ փետրվարի 2-ին, շարունակվեց հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով «Իգլա» տեսակի ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով բողոքների քննությունը։ Գործը քննվում է նախագահող դատավոր Սևակ Համբարձումյանի և դատավորներ՝ Մանուշակ Պետրոսյանի, Մխիթար Պապոյանի կողմից:
«Տենց բան չկա, ոչ մի բան Վրաստանից չի բերվել, ոչ մի բան էլ չի եղել: Իսկ ինչ վերաբերում է Բաբայան Սամոյին, Սամոն հերոս տղա է, կարամ մենակ սա ասեմ: Ասում են գործ տուր իրան, ինչ գործ տամ, գործ չկա տալու»,- նշեց Սանասար Գաբրիելյանը:
Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանն էլ հանդես եկավ հայտարարությամբ և ասաց, որ մեղադրող կողմը ոչ մի կերպ չի հիմնավորել առաջադրված մեղադրանքը. «Սանասար Գաբրիելյանը գումար է ուզում Սամվել Բաբայանից «Իգլայի» համար, սակայն վերջինս ոչ մի գումար չի տալիս, Բաբայանի հետ հանդիպելուց հետո զանգում է ու ասում, որ զենքը պետք չի, սա ինչպե՞ս կմեկնաբանեք: Այսինքն, ոչ մի բան չի ապացուցվում: Մեղադրողը իր առարկություններով ընդամենը վերացական դատողություններ նշեց, որ մեղադրանքը հաստատված է, սակայն ոչ մի կոնկրետ փաստ չներկայացրեց, որը կապացուցեր առաջադրված մեղադրանքը»:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին, ով մեղադրվում էր առաջադրված Քրեական օրենսգրքի (ՔՕ) 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մեղավոր է ճանաչել և դատապարտել ազատազրկման 6 տարի ժամկետով։
Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։
Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նա դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։
Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կարեն Քոչարյանը դատապարտվել է 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում, սակայն պայմանականորեն չկիրառելով՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Անդրանիկ Քոչարյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով և սահմանվել փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Ժորա Զաքարյանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման՝ պայմանականորեն չկիրառելով և փորձաշրջան սահշանել երկու տարի ժամկետով։
Դավիթ Հարությունյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Նրա նկատմամբ ևս սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով, պատիժը պայմանականորեն չկիրառելով։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաև Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը: