Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Իգլայի» գործով դատավարությունը: Այսօր ցուցմունք տվեց ամբաստանյալ Սամվել Բաբայանը։
ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Սամվել Բաբայանը խոսեց այն մասին, որ ոչ մի կապ չի ունեցել այդ «Իգլա» զինամթերքի հետ: Նա ասաց, որ առաջադրված մեղադրանքում ինքն իրեն մեղավոր չի ճանաչում:
Պատմեց, որ ամբաստանյալ, ազատամարտիկ Սանասար Գաբրիելյանն պլաշետով «Իգլա»-ի լուսանկարներ է ցույց տվել իրեն, ինքն էլ որպես մասնագետ ասել է, որ բացակայող մասնիկ կա և առանց դրա «Իգլա» համալիրը չի կարող աշխատել:
Դատախազ Արամ Արամյանի այն հարցին, թե ի՞նչ գումարային պարտք է եղել Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի միջև, ամբաստանյալը պատասխանեց, որ իրենց միջև գումարային պարտ ու պահանջի ոչ մի հարց չի եղել: Շեշտեց նաև, որ ոչ մի փաստաթղթային ընկերություն չի եղել, որը լիներ ապրանքը տեղափոխող:
Մեղադրողի այն հարցին, թե արդյո՞ք Սանասարը տեղեկացրել է Սամվել Բաբայանին, որ «Իգլա»-ն նպատակ ուներ նվիրել բանակին, ամբաստանյալը պատասխանեց, որ ոչինչ դրանից իրեն հայտնի չէ, որովհետև նա ոչ մի կերպ չի բացատրել, թե դա որտեղից է իր մոտ՝ «Ես ուղղակի որպես մասնագետ բացատրել եմ, թե դա ինչ է»,-ասաց ամբաստանյալը:
Դատախազի այն հարցին, թե ինչու՞ է Սանասարը նշել, որ հասցրել են ձեռք բերել միայն մեկ հրթիռը: Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնց մասին հոգնակի է արտահայտվել, Սամվել Բաբայանն ասաց, որ նա չի հիշում նման բան և, որ խնդիրը չի վերաբերում իրեն, իր անձի հետ կապ չունի: Այն, որ նա հոգնակի է արտահայտել միտքը, դա դեռ ոչինչ չի նշանակում:
-Ամբաստանյալ, Սանասարը ձեզ տեղեակցրե՞լ է այդ հրթիռը բանակի համար ձեռք բերելու նպատակի մասին:
-Նա ոչինչ ինձ չի ասել: Առաջին հերթին ասացի, որ Սանասարն ինձ հարցրել է, թե կարող է բանակին պետք գա դա, ես էլ ասել եմ, որ՝ այո: Ես ասել եմ,որ դա վտանգավոր բան է և չի կարելի պահել: Ես բացատրել եմ, որ պետք է փաթեթավորի և տանի հանձնի այն:
-Ամբաստանյալ, դուք նշել եք, որ այդ հրթիռն անպիտան է, բայց հիմա նշում եք, որ այն պիտանի է եղել և այն չկորցնելու համար պետք է հատուկ պայմաններում պահպանել:
-Գոյություն չուներ այդ զինամթերքի միայն այն մասնիկը, որն ամբողջն աշխատացնում է:
Մեղարդողը հարց տվեց, թե արդյոք իմացել է, որ «Իգլան» Հայաստան է բերվել Թբիլիսիից, Սամվել Բաբայանը պատասխանեց, թե չի կարծում, որ այն Էբիլիսիից են բերել․ «Ես ապացուցելու եմ, թե ում գարաժից է դա և ում է պատկանում»։
Մանրամասները տեսանյութում՝
Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net