Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ասել են՝ 2009-ին սպանություն է եղել․ եթե Սամվել Բաբայանի հետ դու գործ չունես, ուրեմն էս սպանությունն էլ ա քոնը». Սանասար Գաբրիելյան

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննության փուլն ավարտվեց:

Մեղադրող դատախազ  Արամ Արամյանը դատարանին ներկայացրեց ԱԱԾ-ից վերցրած տեղեկանքը, որով ապացուցվում է, թե գործով վկա Աշոտ Շուշանյանը դատարանում սուտ ցուցմունք է տվել:

Հիշեցնենք, որ վկան ասել էր, թե  հարցաքննության օրը ժամեր շարունակ նրան ԱԱԾ շենքում են պահել:

Մեղադրողի ելույթից հետո  ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանն հայտարարություն արեց՝ նշելով, որ ԱԱԾ-ում 10 րոպե կամ մի  օր մնալու միջև տարբերություն չկա, քանի որ այնտեղ շատ կարճ ժամանակում էլ են հասցնում մարդկանց ուղղորդել:

«Ասում են՝ դու գիտե՞ս, պարոն Աշոտ, որտեղ ես գտնվում, ասում է՝ հա։ Ասում են՝ դե որ գիտես, հիմա ինչ ասում եմ էդ գրի, թե չէ ամբողջ կյանքում կմնաս էս շենքում: Աշոտն էլ մեր գյուղի Աշոտն է, իրեն շատ հեշտ է վախեցնելը: Հիմա ի՞նչ է փոխվելու՝ ինչքան ա էդ շենքում մնացել: Մենք չգիտե՞նք, թե ԿԳԲ-ն ինչով է զբաղված»,-ասաց նա:

Նա նաև նշեց, որ իրեն էլ են փորձել ուղղորդել և վախեցնելու համար ասել են, որ նա ընդունի իր կապը Սամվել Բաբայանի հետ, թե չէ 2009 թվականին Էջմիածնում կատարված սպանությունը նրան կվերագրեն․ «Ասել են՝ 2009թ. սպանություն է եղել Էջմիածնում, նայի, եթե Սամվել Բաբայանի հետ դու գործ չունես, ուրեմն էս սպանությունն էլ ա քոնը»։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել եւ պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր:

Կարեն եւ Անդրանիկ Քոչարյաններին, Ժորա Զաքարյանին եւ Դավիթ Հարությունյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը եւ իրական բնույթը խեղաթյուրելու եւ օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն: Այսպիսով, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, որոնցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Եվգենյա Համբարձումյան
Իրավաբան.net 

 

 

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել