Քրեական վերաքննիչ դատարանում այսօր՝ փետրվարի 2-ին, շարունակվեց հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով «Իգլա» տեսակի ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով բողոքների քննությունը։
Գործով անցնող ամբաստանյալ Սամվել Բաբայանը հայտարարեց, որ ինքը դատարան է եկել ոչ թե պաշտպանվելու, այլ ներկայացնելու այն փաստերը, որոնք առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել՝ դատավճիռն ընդունելիս։
«Հանցագործություն չեմ կատարել և կապ չունեմ այն ամենի հետ, ինչն ասվում է մեղադրանքում: Ինձ Սանասար Գաբրիելյանը ցույց է տվել զենքի նկարները, ես էլ բացատրել եմ, որ մարտկոցը բացակայում է, դրա համար դա «տրուբա» է՝ խողովակ: Նա էլ, որը ցանկանում էր բանակին զենք նվիրել, հարցրեց՝ «կարո՞ղ է սա պետք գալ բանակին»: Ես էլ ասեցի՝ կարող է, բայց եթե ձեռքիդ բռնեն՝ խնդիր կունենաս, դրա համար թաղի հողի մեջ, հետո ցույց տուր սպաներից մեկին»,-նշեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Նախագահող դատավոր Սևակ Համբարձումյանին և դատավորներ՝ Մանուշակ Պետրոսյանին, Մխիթար Պապոյանին դիմելով՝ Բաբայանը պահանջեց, որ դատարան բերվի և հարցաքննվի Էջմիածնի նախկին քաղքապետի որդի Ռոբերտ Աղվանյանը, որը, ըստ գործում առկա նյութերի, ձեռնարկել է «Իգլա»-ի՝ Վրաստանից Հայաստան տեղափոխումը:
Հիշեցնենք, որ Աղվանյանը վերջերս է վրացական կողմից հանձնվել ՀՀ իրավապահներին: Նշենք, որ Հրաչյա Մայիլյանն էր ԱԱԾ-ին հանձնել զենքը և պատմել այն ձեռք բերելու պատմությունը:
«Եթե փաստերով խոսենք, ապա ես արդեն վաղուց ազատության մեջ պետք է լինեի»,- իր ելույթի վերջում հայտարարեց Սամվել Բաբայանը:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին, ով մեղադրվում էր առաջադրված Քրեական օրենսգրքի (ՔՕ) 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մեղավոր է ճանաչել և դատապարտել ազատազրկման 6 տարի ժամկետով։
Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։
Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նա դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։
Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կարեն Քոչարյանը դատապարտվել է 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում, սակայն պայմանականորեն չկիրառելով՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Անդրանիկ Քոչարյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով և սահմանվել փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Ժորա Զաքարյանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման՝ պայմանականորեն չկիրառելով և փորձաշրջան սահշանել երկու տարի ժամկետով։
Դավիթ Հարությունյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Նրա նկատմամբ ևս սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով, պատիժը պայմանականորեն չկիրառելով։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաև Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Եվգենյա Համբարձումյան